Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գորիսում շահագործման հանձնվեց սոցիալական տունը

18.12.2012

Դեկտեմբերի 18-ին հանդիսավորությամբ Գորիս քաղաքում շահագործման հանձնվեց Հայաստանի և Շվեցարիայի կառավարությունների համաֆինանսավորումով իրականացվող «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի շրջանակներում կառուցված բազմաբնակարան շենքը:
Բնակարանամուտի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա.Գևորգյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Անդրկովկասյան գրասենյակի հումանիտար ծրագրերի համակարգող Մ. Վեյնգարդը, Սյունիքի մարզպետի տեղակալ Ա. Դոլունցը, Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացված "Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում" ծրագրի ներկայացուցիչներ և հյուրեր:
ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Ա.Գևորգյանը շնորհավորանքի իր խոսքում կարևորեց նախաձեռնությունը, նշելով, որ վերջին տարիներին կառավարության քաղաքականության ուշադրության կենտրոնում են ոչ միայն երկրաշարժից տուժածների և փախստականների, այլ նաև համայնքներում սոցիալապես խիստ անապահով ընտանիքների բնակարանային խնդիրները:
Փոխվարչապետ Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Շվեցարական զարգացման և համագործակցության գործակալությանը` ծրագրի արդյունավետ իրականացման համար:
Մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհավորելով շահառու ընտանիքներին բնակարանամուտի կապակցությամբ` հավաստիացրեց, որ առաջիկա տարիների ընթացքում կներդրվեն բոլոր ջանքերը` վագոն-տնակային պայմաններում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու համար:
Հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց եռահարկ շենքում, ծանոթացան բնակարանային պայմաններին, կոմունալ և կենցաղային հարմարություններին, որոնք համապատասխանում են ժամանակակից բոլոր պահանջներին:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 275 միլիոն դրամ, որից 195 միլիոն դրամը հատկացրել է Շվեցարական զարգացման և համագործակցության գործակալությունը, 65 միլիոն դրամ հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ 15 մլն դրամով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ապահովվել է շենքի էներգետիկ արդյունավետության բարձրացման ուղղությամբ միջոցառումների կատարումը:
Գորիսում սոցիալական բնակարանային ծրագրի իրականացումը սկսվել է 2006 թվականից Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Պիլոտային փուլում կառուցվել են երկու երկհարկանի տներ` 14 բնակարաններով: Դրանք բնակեցվել են փախստականներով և սոցիալապես անապահով ընտանիքներով:
Նոր շահագործված բնակելի տունը եռահարկ է, ունի 20 բնակարան, ժամանցի համար կահավորված ընդհանուր սենյակ, նկուղային տարածքներ բոլոր բնակիչների համար և շրջակա բարեկարգված տարածք:
Շահառուների ընտրությունը կատարվել է Շվեցարական գրասենյակի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ քաղաքաշինության նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Գորիսի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված ընտրության հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովն ընտրել է ամենակարիքավոր և ամենախոցելի` սոցիալապես անապահով, վագոն-տնակներում բնակվող, հաշմանդամ ունեցող և փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:04:45