Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը ամփոփեց 2012 թվականի գործունեության արդյունքները

30.01.2013

Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2012թ. կատարած աշխատանքներն ամփոփվեցին հունվարի 30-ին մարզպետարանի դահլիճում, որին ներկա էին նաև ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի և նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ԱԻՆ Սյունիքի մարզային կառույցների պատասխանատուներ:
ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Հարությունյանը զեկուցեց 2012 թվականին վարչության կողմից իրականացված աշխատանքների մասին` ընդգծելով, որ վարչության գործունեությունը հաշվետու ժամանակահատվածում ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: Ըստ նրա` ԱԻՆ Սյունիքի ՄՓՎ-ի 2012 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են:
Նշվեց, որ անցած տարի Սյունիքի մարզում գրանցվել է 269 արտակարգ դեպք նախորդ տարվա 181-ի դիմաց, որոնց հետևանքով զոհվել է 17, մարմնական վնասվածքներ ստացել` 59 մարդ: Եթե 2011-ի համեմատ զոհերի թիվը մնացել է անփոփոխ, ապա 20-ով ավելացել է վիրավորների թիվը: 2012 թվականին 2011-ի համեմատ մարզում արտակարգ դեպքերի թիվն ավելացել է 88-ով կամ 46,8 տոկոսով: Գրանցված դեպքերից 56-ը տեխնածին են, 36-ը` տարերային, 47-ը` սոցիալ-կենցաղային:
"Սյունիքի ՄՓՎ-ում առկա են ICOM տեսակի կապի միջոցներ, իսկ անցյալ տարի վարչությունն ապահովվել է նաև ինտերնետային կապով, կազմակերպվել է տեսաձայնային կապ, որի միջոցով օրվա դիսպետչերներն անմիջական կապ են ստեղծում ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ: Աշխատանքներ են տարվում Սյունիքի մարզի ստորաբաժանումների միջև ռադիոկապի բարելավման ուղղությամբ", - ասաց վարչության պետը:
2012 թվականի ընթացքում կատարած աշխատանքները ներկայացրեցին նաև պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, սեյսմիկ պաշտպանության և հիդրոմետ ծառայությունների ու տեխնիկական անվտանգության կենտրոնի պատասխանատուները:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատեց մարզային կառույցի կողմից իրականացված աշխատանքները` նկատելով, որ որոշ նյութատեխնիկական բնույթի խնդիրների լուծման դեպքում առավել բարձր մակարդակով կիրականացվեն ոլորտին վերապահված գործառույթները:
Իր խոսքում ԱԻ նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը մարզային կառույցին խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել առկա թերություններին և դրանց վերացման համար անել հնարավորը: Փոխնախարարը կարևորեց նաև կամավոր փրկարարական ջոկատների ստեղծումը մարզում:
Հանդիպմանը Կապանի և Քաջարանի քաղաքապետերի կողմից տարվա ընթացքում իրականացրած փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան Սյունիքի ՄՓՎ մի խումբ աշխատակիցներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47