Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրանական արտադրության ապրանքների ցուցահանդես Կապանում

01.02.2013

ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի միջև գոյություն ունեցող բարեկամական և փոխշահավետ տնտեսական կապերի ամրապնդման ու համագործակցության զարգացման նպատակով փետրվարի 1-ին Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում և ճեմասրահում կազմակերպվել էր իրանական արտադրության ապրանքների ցուցահանդես:
Ցուցահանդեսին մասնակցելու համար Սյունիքի մարզ էր ժամանել Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգի գլխավորած իրանական պատվիրակությունը:
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնում, որտեղ իրանական կողմը ներկայացրեց հեղափոխության պատմությունը, ցուցադրվեցին ֆիլմեր` նվիրված ԻԻՀ-ում հեղափոխությանն ու երկրի տնտեսական զարգացմանը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր խոսքում կարևորեց ցուցահանդեսի կազմակերպումը, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ընթացիկ տարվա հունվարի 14-16-ը Արևելյան Ատրպատականի նահանգապետի հրավերով Սյունիքի պատվիրակության երկօրյա Թավրիզ կատարած այցի ժամանակ:
«Այս միջոցառումը հիմք է հանդիսանալու, որ կարողանանք միավորել երկու երկրների գործարարներին: Այսուհետ մեր շփումները կխորանան, և հարևան մարզերի ժողովուրդները կարող են առևտրային կապերի մեջ մտել, ինչը կնպաստի փոխշահավետ տնտեսական կապերի ու համագործակցության զարգացմանը», - ասաց Սյունիքի մարզպետը:
ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգին նշեց որ, այս համագործակցությունը կարող է դրական պատգամներ փոխանցել ողջ աշխարհին: Եվ հուսով ենք, որ կարող ենք այս կերպ խորացնել համագործակցությունը ԻԻՀ և Հայաստանի միջև: Մենք կարծում ենք, որ նախ պետք է հարևանին օգուտ բերել, որից հետո ունենալ մեր շահը:
Հանդիսավոր արարողության ժամանակ երկու երկրների հարևան մարզերի ղեկավարները հուշանվերներ փոխանակեցին, որին հաջորդեց համատեղ համերգային ծրագիր` ԻԻՀ Արևելյան Ատրպատականի Թավրիզ քաղաքի հայոց թեմի Կոմիտաս անվան երգչախմբի և Կապանի արվեստի պետական քոլեջի ժողովրդական գործիքներրի անսամբլի մասնակցությամբ:
ԻԻՀ արտադրության ապրանքների ցուցահանդեսին մշակույթի կենտրոնի հրապարակում ներկայացված էր իրանական արտադրության գյուղատնտեսական տեխնիկա, իսկ կենտրոնի ճեմասրահում` հրուշակեղեն:
Միջոցառման հանդիսավոր ավարտից հետո հյուրերի համար կազմակերպվեց այցելություն Կապանի երկրագիտական թանգարան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39