Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստը

27.02.2013

Փետրվարի 27-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի 2013 թվականի առաջին նիստը, որը վարեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ինչպես նաև մարզի առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարները:
Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզխորհրդի նիստի անդամներին և մասնակիցներին ներկայացրեց 2012 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը:
"ՀՀ Սյունիքի մարզպետարանի 2012թ աշխատանքային գործունեությունն ուղղված է եղել մարզում կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը և ըստ առաջնահերթությունների՝ առկա հիմնախնդիրների լուծմանը: Մարզի սոցիալ-տնտեսական վիճակի հիմնական բնութագրիչների և ցուցանիշների առումով 2012թ. արձանագրվել է տեսանելի աճ",- ընդգծեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` ըստ բնագավառների ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրակականացված աշխատանքները:
Մարզպետը նշեց նաև, որ մարզում գերակա հիմնախնդիրը շարունակում է մնալ աշխատատեղերի ստեղծման և գործազրկության մակարդակի իջեցման, արդյունքում մարզի տարածքում սոցիալական վիճակի բարելավման և մեր համաքաղաքացիների բարեկեցության աճի ապահովման հարցերը:
Օրակարգային հաջորդ հարցի՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ս. Թանգյանն իր ելույթում նշեց, որ այս տարի նախատեսվում է կատարել 10800 հա գարնանացան: Մարզում հացահատիկի և բանջարաբոստանային կուլտուրաների երաշխավորված բերքն ապահովելու նպատակով պարբերաբար կատարվում է սերմանյութերի թարմացում, սերմափորձարկում և մեծ ուշադրություն է դարձվում սերմաբուծության զարգացման ոլորտին, ինչպես նաև տնկարանային տնտեսության աշխատանքների կոորդինացմանը: Այս տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարելու համար մարզին ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 1250տ դիզելային վառելիք, 2000տ ազոտական պարարտանյութ, 400տ գարնանացան գարու, 20 տ կոռրնգանի և 3տ առվույտի սերմացու:
ՀՀ Սյունիքի մարզի 2012-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2012թ տարեկան աշխատանքնային պլանի կատարման 2013թ տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների մասին ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Թ. Ղազարյանը: Ծրագրի 2012 թվականի ՏԱՊ-ով նախատեսված 27.862 մլրդ դրամի ծրագրերից իրականացվել են 33.1 մլրդ դրամի ծրագրեր: Միաժամանակ տեղեկացվեց, որ սկսվել է մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կազմման գործընթացը, որի ընթացքում հաշվի կառնվեն տարբեր սոցիալական խմբերի, գործարարների, հասարակական և այլ կազմակերպությունների առաջարկություններն ու դիտողությունները: Ծրագիրը ՀՀ կառավարության հաստատումից հետո այն կհանդիսանա մարզի տնտեսության 2014-2017 թվականների զարգացման հիմնական ուղենիշը:
Տեղական ինքնակառավարման մարմինների խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովների մոնիտորինգի գործառույթների իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ն. Ավանեսյանը նշեց, որ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները իրենց գործումնեությունը կազմակերպում և իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված աշխատանքային տարեկան ծրագրերով: Միևնույն ժամանակ տեղեկացվեց, որ ՀՀ փոխվարչապետ, ՏԿ նախարարի հանձնարարականով բոլոր մարզերի ԸԿԵԻՊ բաժինների գործառույթում այսուհետ պետք է ընդգրկել խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովների մոնիտորինգի գործառույթը:
Աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Կ. Կոզմանովը տեղեկություն ներկայացրեց ՀՀ "Վարչական իրավախախտումների վերաբերյալ" ՀՀ օրենսգրքում, "Տեղական ինքնակառավարման մասին" և "Տեղական տուրքերի և վճարների մասին" ՀՀ օրենքներում լրացումների և փոփոխությունների մասին` մասնավորոպես նշելով, որ տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից ՝ համայնքի ղեկավարները:
Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին մի շարք այլ խնդիրներ, անդրադարձ եղավ նաև տարբեր ոլորտների առնչվող հարցերի, որոնց վերաբերյալ ելույթ ունեցան նաև ՀՀ Սյունիքի մարզի դատախազ Ն.Հակոբյանը, Քաջարանի քաղաքապետ Վ. Գևորգյանը և Տեղ գյուղական համայնքի ղեկավար Ս. Գալստյանը:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը` մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հորդորեց համայնքների ղեկավարներին՝ գյուղացիական տնտեսություններին տրամադրված աշնանացան սերմացուի վարձավճարների հավաքագրման գործընթացը հավուր պատշաճի իրականացնելու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01