Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքում ականազերծման աշխատանքներին համակարգային ընթացք է տրվելու

26.03.2013

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել քննարկում` նվիրված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի համագործակցությամբ 2012թ. սեպտեմբերից ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված և իրականացվելիք հումանիտար ականազերծման աշխատանքների ոչ-տեխնիկական, տեխնիկական հետազոտության և բուն ականազերծման փուլերին:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, համապատասխան մարզերի մարզպետներ, համայնքապետեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես է եկել և աշխատանքային օրակարգը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ խորհրդի նախագահ Արա Նազարյանը քննարկման ընթացքում ներկայացրել է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ստեղծման փուլերը, գործունեության առանձնահատկությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Ա.Նազարյանը տեղեկացրել է, որ հումանիտար ականազերծման բնագավառում ոչ տեխնիկական հետազոտության 2013թ. մայիս ամսին ավարտվող աշխատանքներին կհաջորդեն ականազերծման աշխատանքները: Հետազոտությունների անցկացմանը զուգընթաց վերագործարկվելու է ականազերծման գործընթացների կառավարման տեղեկատվական բազան. «ՀՀ տարածքի համապարփակ ականազերծման համար գերակա խնդիր է միջազգային փորձի ուսումնասիրումը, ականազերծման ազգային ծրագրի մշակումն ու ընդունումը և դրա հետևողական իրագործումը: Ոչ տեխնիկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո ականազերծման կենտրոնը հնարավորության կունենա մշակել և ՀՀ կառավարությանը ներակայացնել ճշգրիտ տեղեկատվության վրա հիմնված ականազերծման ծրագրի նախագիծ, որն ընդունվելուց հետո հետամուտ կլինի դրա իրագործմանը»,- ասել է ՀԱՓԿ խորհրդի նախագահը:
ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռ.Առաքելյանն իր ելույթում ներկայացրել է ՀԱՓԿ-ի աշխատանքները և ծրագրերը, միջազգային կառույցների հետ համագործակցության ուղիները:
Ելույթներով հանդես են եկել նաև Շվեցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) ծրագրերի իրականացման ղեկավար Վալերի Ֆաբբրոնին, հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յ.Օդենդաալը՝ քննարկման մասնակիցներին ներկայացնելով 2012թ. հոկտեմբեր–2013թ. մարտ ժամանակահատվածում հիմնադրամի կողմից ՀՀ մարզերում իրականացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքների մասին վերլուծությունը, գնահատումը, ինչպես նաև անկախ փորձագետների առաջարկները:
Ամփոփիչ ելույթով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհակալություն հայտնելով միջոցառմանը մասնակցող մարզպետներին, համայնքապետերին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «1994թ.-ից հետո ականազերծման ծավալուն աշխատանքներ են կատարվել: Այսօր եկել է ժամանակը, որ մենք այդ ամենին տանք համակարգային ընթացք: ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով բավականին լուրջ աշխատանք է կատարվել անվտանգության ապահովության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նախկինում կատարված աշխատանքների ընթացքում եղել են նաև թերացումներ, որոնք այլևս պետք է բացառվեն, որովհետև գործ ունենք խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հետ »,- եզրահանգել է Սեյրան Օհանյանը:

Աղբյուրը` ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15