Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ոստիկանության օրը
15.04.2013
Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 13-ին նշվեց ոստիկանության օրը: Մինչ օրվան նվիրված հանդիսության մեկնարկը` միջոցառման մասնակիցները թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի ոստիկանության շենքի դիմաց` Արցախյան գոյամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք ուղղեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանը:
Շնորհավորելով մարզի ոստիկաններին` ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը իր խոսքում մասնավորապես նշեց.
"Հարգելի ոստիկաններ, շնորհավորում եմ ձեզ ոստիկանության մասնագիտական տոնի առիթով: Ոստիկանությունը իր գոյության 95 տարիների ընթացքում բավական լուրջ կառույց է դարձել: Համոզված եմ, որ այսօր սյունեցին իրեն առավել անվտանգ է զգում և վստահությամբ է լցվում ոստիկանության հանդեպ: Ձեր աշխատանքից է կախված մեր պետության կայունությունն ու հասարակության խաղաղությունը":
Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը ցանկություն հայտնեց, որ տարեցտարի ոստիկանի կերպարը համապատասխանի մեր հասարակության պահանջներին, որ նրանցից յուրաքանչյուրն իր աշխատանքով արժանի լինի ոստիկանի բարձր կոչմանը:
Օրվա առիթով սյունեցի մի շարք ոստիկաններ արժանացան ՀՀ ոստիկանապետի մեդալների ու շնորհակալագրի: Ոստիկանության համակարգում երկարամյա անբասիր աշխատանքի, մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման գործում մատուցած ծառայությունների և մասնագիտական տոնի առիթով մարզի 13 ոստիկաններ ու ոստիկանության վետերաններ արժանացան Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի և Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի շնորհակալագրերի:
ՀՀ ոստիկանության տոնին նվիրված տոնական հանդիսությունը ավարտվեց համերգային ծրագրով: