Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի այցը Սյունիքի մարզ
17.05.2013
Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզ էր ժամանել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 16-ին Գորիսում հանդիպեց դեսպանի հետ: Կողմերը բարձր ու արդյունավետ գնահատեցին Սյունիքի մարզում ԵԱՀԿ կողմից իրականացվող ծրագրերը:
Խոսելով ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, ձեռք բերված հաջողությունների, արդյունքների և համագործակցության հեռանկարների մասին` կողմերը բարձր ու արդյունավետ գնահատեցին Սյունիքի մարզում ԵԱՀԿ կողմից իրականացվող ծրագրերը:
Դեսպան Սորոկինը շնորհակալություն հայտնեց մարզպետին արդյունավետ համագործակցության համար, կարևորեց նաև այն աջակցությունը, որ ցուցաբերվում է ԵԱՀԿ գրասենյակի կողմից Սյունիքում իրականացվող ծրագրերին:
"Մեզ համար կարևոր է, որ մայրաքաղաքից բացի, աշխատանքներ իրականացվեն նաև մարզերում",- նշեց Ա. Սորոկինը:
Անդրադառնալով Սյունիքում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը` մարզպետ Ս.Խաչատրյանը կարևորեց մարդկանց անհատական հետաքրքրվածությունը, շեշտելով, որ յուրաքանչյուր սյունեցի Սյունիքի հրաշք բնությունը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու համար պետք է սպասարկման բարձր մակարդակ ապահովի: Մարզպետի խոսքով, ակնկալվում էր, որ աշխարհի ամենաերկար ճոպանուղու` "Տաթևեր"-ի կառուցումից հետո կտրուկ կավելանար զբոսաշրջիկների թիվը, սակայն, դեռևս չկան այն բավարար պայմանները, մասնավորապես, սպասարկման ոլորտում, որպեսզի այցելուները գումարներ ծախսեն, ինչն ուղղակիորեն կարող է նպաստել նաև տարածաշրջանի բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը, բարեկեցության ապահովմանը:
"Սյունիք այցելող զբոսաշրջիկին չես կարող զարմացնել շքեղ հյուրանոցով, բայց կարող ես գրավել ազգային կոլորիտը ներկայացնող սպասարկման միջոցով",- նշեց Ս.Խաչատրյանը:
Կողմերը քննարկեցին նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Այնուհետև Գորիսի քաղաքապետարանում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման գործում կարևոր դերակատարություն ունեցող տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ովքեր մասնակցել էին ԵԱՀԿ-ի և USAID-ի կողմից իրականացվող զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրին:
Հանդիպման վերջում ԵԱՀԿ-ի և USAID-ի կողմից իրականացվող զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանավարտներին մասնակցության վկայականներ տրվեցին: Այցի հաջորդ օրը` մայիսի 17-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը հանդիպեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ: Հանդիպմանը դեսպանը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության Հայաստանում իրականացրած գործունությունը, նշեց, որ կազմակերպությունը, ի տարբերություն շատ երկրների, լավ հարաբերություններ ունի Հայաստանի ղեկավարության հետ: Անդրեյ Սորոկինը իր շնորհակալությունը հայտնեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին` ԵԱՀԿ Սյունիքի մարզային ծրագրերի իրականցման Կապանի գրասենյակի հետ համագործակցության համար:
Հանդիպման ավարտից հետո քաղաքապետարանի նիստերի դահլիճում դեսպանը և Կապանի քաղաքապետը մասնակցության վկայականներ հանձնեցին զբոսաշրջության զարգացմանը միտված ԵԱՀԿ-ի և USAID-ի համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացների կապանցի և մեղրեցի շրջանավարտներին: Դասընթացների մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին` իրականացրած ծրագրի համար, ինչի արդյունքում հնարավորություն ունեցան կատարելագործելու հյուրանոցների, ռեստորանների, հյուրատների սպասարկման գործի, զբոսավարների իրենց ունեցած կարողություններն ու հմտությունները:
Օրվա երկրորդ կեսին դեսպանը այցելեց ԵԱՀԿ աջակցությամբ գործող «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն», որտեղ ներկայացվեց կենտրոնի տարեկան հաշվետվությունը:
Սյունիք կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը այցելեց նաև "Շիկահող" պետական արգելոց, իսկ օրվա վերջում հանդիպեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանին: