Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2013
Սիրելի երեխաներ,
Ի սրտե շնորհավորում եմ այս պայծառ տոնի առթիվ: Յուրաքանչյուր հունիսի 1 ուրախության ու բարության, հույսի ու ժպիտի, իսկ մեծերիս համար պատասխանատվության ու հոգատարության արտահայտման առանձնահատուկ օր է: Այս տոնը մոլորակի բոլոր երկրների համար խորհրդանշում է խաղաղություն, հավատ և հույս ապագայի նկատմամբ:
Մենք անում ենք հնարավորը` երեխաների իրավունքները պաշտպանելու, առողջ ու կրթված սերունդ ունենալու համար, բայցև խոստովանում, որ բազում են անելիքներն ու չլուծված խնդիրները:
Մարզում ապրող երեխաների սոցիալական պաշտպանության երաշխիքների ստեղծումը մեր առաջնահերթ խնդիրներից է, քանզի նրանք են այսօրվա մեր գործունեության ամենահզոր խթանիչները և մեր պետության վաղվա օրը կերտողները:
Առանձնահատուկ շնորհավորում եմ ծնողներին, որոնց ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, սերունդների առողջ հերթափոխ ապահովելու առաքելությունը: Թե ձեր և թե յուրաքանչյուրիս պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի նրանց ամեն մի օրը լինի գորովանքով ու քնքշանքով լի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր երեխաներին, մաղթում արևշատություն ու անհոգ մանկություն:
Թող իրականանան ձեր բոլոր երազանքները, իսկ հաջողությունն ու բարությունը ուղեկցեն ձեզ միշտ և ամենուր: