Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաչե Տերտերյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում
07.06.2013
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում` աշխատակազմի, մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Վ. Տերտերյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի փոխմարզպետ Արա Դոլունցը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի, մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնավորապես նշվեց, որ 2013թ. առաջին հինգ ամիսներին մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95,4 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 18,2 տոկոսով: Զեկուցվեց նաև, որ ժամանակացույցի համապատասխան են իրականացվում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները:
Վ. Տերտերյանը դրական գնահատելով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը` հորդորեց հետևողական լինել ինչպես այդ ցուցանիշների պահպանման, այնպես էլ մարզային տարբեր ծրագրերը ժամանակին իրականացնելու հարցում:
Քննարկվեց նաև “Տաթևի վերածնունդ” ծրագրում ընդգրկված համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշված համայնքներում կառուցապատման խնդիրներին առնչվող հարցեր:
Աղբյուրը` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին