Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վ.Հակոբյանն այցելեց մսի վերամշակման նորակառույց գործարան
22.07.2013
Հուլիսի 20-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկա գտնվեց Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքի տարածքում կառուցված մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման գործարանի բացման արարողությանը: Մարզպետը շրջայց կատարեց գործարանում, ծանոթացավ տեխնիկական և աշխատանքային պայմաններին: Նա կարևորեց մարզում արդիական տեխնոլոգիաներով ու ժամանակակից պայմաններով արտադրության առկայությունը և ընդգծեց, որ այն լուրջ խթան կհանդիսանա մարզում ոչխարաբուծության զարգացման համար, միաժամանակ ստեղծելով նոր աշխատատեղեր:
Նորաբաց գործարանն ապահովված է եվրոպական չափանիշներին համապատասխան սարքավորումներով և գույքով: Արտադրական բոլոր հիմնական գործառույթները կատարվելու են առանց մարդու մասնակցության: Մարզում այն առաջինն է իր տեսակի մեջ:
Սկզբնական փուլում այն հնարավորություն կտա աշխատանքով ապահովելու մինչև 35 մարդու: Հետագայում արտադրանքի ծավալների ընդլայնմանը զուգահեռ, կավելանա նաև աշխատողների թիվը՝ հասցվելով մինչև 80-ի:
Ընկերության արտադրանքը փաթեթավորված վիճակում կիրացվի հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունում: Առաջիկայում համապատասխան հավաստագրի հարցի լուծումից հետո կսկսվի մսի առաքումը: Գործարանի օրական մորթը կախված կլինի պատվիրատուի ներկայացրած պահանջարկից: Սկզբնական շրջանում կենդանիները կընդունվեն Հայաստանի մարզերից և Արցախից, հետագայում նաև այլ վայրերից: