Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքում բացվեցին ծնողական կրթության կենտրոններ
31.07.2013
Հուլիսի 30-ին <<Կապանի բժշկական կենտրոնի>> պոլիկլինիկայում <<Մանուկների և վաղ տարիքի երեխաների թերսնուցման նվազեցում>> նախաձեռնության շրջանակներում բացվեց ծնողական կրթության կենտրոն: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը , ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, <<ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի>> ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնության նպատակը Հայաստանում երեխաների թերսնուցման նվազեցումն է՝ ապացույցների վրա հիմնված ռազմավարությունների և մոտեցումների ներդրման, ինչպես նաև ազգային ու տարածաշրջանային պատասխանատուների և գործընկերների միջև համագործակցության ուժեղացման միջոցով:
Նախաձեռնողները հույս հայտնեցին, որ այս համագործակցությունը թույլ կտա մշակել և ներդնել երեխաների ու նրանց ընտանիքների առողջության բարելավմանն ուղղված արդյունավետ ռազմավարություններ և ծրագրեր: Նշեցին, որ մայրերի և երեխաների սնուցման բարելավումը հանդիսանում է հազարամյակի զարգացման նպատակների հասանելիության ապահովման առանցքային բաղադրիչներից մեկը, և սահմանված թիրախներին հասնելու համար <<ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը>>, որպես երեխաների առողջության ու սնուցման ոլորտներում առաջատար միջազգային կազմակերպություն, ընդլայնելու է իր ծրագրային աջակցությունը, թերսնուցման, մասնավորապես, թերաճության հիմնախնդիրը դարձնելով երկրների կառավարությունների կողմից իրականացվող և միջազգային կազմակերպությունների կողմից աջակցություն վայելող ազգային քաղաքականությունների հիմնական ուղղություններից մեկը:
Նախաձեռնության շրջանակներում ծնողական կրթության կենտրոններ բացվեցին նաև Գորիսում և Սիսիանում: