Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետը Սյունիքում ծանոթացավ <<Տաթևի վերածնունդ>> և Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման ծրագրերի ընթացքին

27.08.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր  Սյունիքում էր` մարզում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար:
Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Տաթևի ճոպանուղու Հալիձորի կայան, որտեղ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին «Տաթևի վերածնունդ» ծրագրի, «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, վանական համալիրի հարակից համայնքների ղեկավարներ, ինչպես նաև «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ:
Ներկայացվեց վանական համալիրի հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգմանն ուղղված կառուցապատման նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: «Տաթևի վերածնունդ» ծրագրի ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարներն իրենց նկատառումները հայտնեցին նախագծի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախագիծը մեկ անգամ ևս կքննարկի շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների կողմից, և ստացված առաջարկությունները հաշվի կառնվեն այն լրամշակելիս:
Քննարկվեցին նաև «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված ութ համայնքներում աղբահանության կազմակերպման, այդ նպատակով անհրաժեշտ միջոցների ներգրավման աղբյուրների, ինչպես նաև անտառային հատվածի սանիտարական վիճակի և մաքրության պահպանման հետ կապված հարցեր:
Ա. Գևորգյանն այնուհետև մեկնեց Մեղրիի տարածաշրջան, եղավ Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման վայրում: Լեհվազ համայնքի տարածքում, որտեղ պետք է լինի համակարգի գլխամասը, փոխվարչապետին ներկայացվեց ինքնահոս համակարգի նախագիծը:
Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրն իրականացվում է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակում` Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Նախատեսվում է կառուցել 32 կմ երկարությամբ ինքնահոս համակարգ, որը Մեղրիի, Ագարակի և հարակից համայնքների համար կապահովվի կայուն ջրամատակարարում, ինչպես նաև զգալի կնվազի էլեկտրաէներգիայի ծախսը: Համակարգի կառուցման համար տարածաշրջանում առկա են անհրաժեշտ պայմաններ. նախատեսվում է, որ ջուրը կվերցվի Մեղրի գետից:
Ներկայումս տարածաշրջանի ոռոգումն իրականացվում է 18 պոմպակայանների միջոցով, որոնք ջուր են մղում Արաքսից: Պոմպակայաններն արդեն ֆիզիկապես մաշված են, իսկ դրանց շահագործումը բավականին ծախսատար է: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ առաջիկայում կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ, և հաղթող ընկերության որոշումից հետո համակարգի կառուցումը կմեկնարկի: Ա. Գևորգյանը կարևորեց աշխատանքների` ժամանակացույցի համաձայն իրականացումը` ընդգծելով համակարգի անհրաժեշտությունը տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունների համար:
«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը», որի վերաբերյալ համաձայնագիրը ԱԺ կողմից վավերացվել է 2013թ. հունիսին, ուղղված է ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Բացի Մեղրիի ինքնահոս համակարգից, ծրագրով նախատեսվում է նաև Քաղցրաշենի և Գեղարդալճի ինքնահոս համակարգերի կառուցում:

Փոխվարչապետն այնուհետև խորհրդակցություն անցկացրեց Մեղրիի քաղաքապետարանում, որին մասնակցում էին նաև տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Քննարկվեցին համայնքներում իրականացվող ծրագրերին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, գյուղմթերքի իրացմանը, աշնան գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Օգոստոսի 28-ին Ա. Գևորգյանը կայցելի մարզկենտրոն Կապան, կծանոթանա այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Աղբյուրը՝ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51