Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի ուղերձը` սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով
01.09.2013
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ:
Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը միշտ աչքի լույսի պես է պահել իր գոյության երկու գլխավոր կռվանները՝ գիրն ու հավատքը:Այսօր էլ գիտելիքն ու կրթությունը ժամանակի մարտահրավերներին դիմակայելու և համաշխարհային զարգացումներին համընթաց քայլելու ամենակարևոր նախապայմաններից են:
Հայ մարդը, անկախ պատմականորեն ձևավորված իրավիճակից, գիտելիքը միշտ համարել է մեր երկրի ամենաարժեքավոր հարստություններից, ուստի, յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն, ըստ արժանվույն գնահատել և օգտագործել ի շահ հայրենիքի:
Համոզված եմ, որ գրի ու դպրության հանդեպ ունեցած սերն ու նվիրումը, արդիական գիտելիքներով զինված կիրթ և բանիմաց սերունդը երկրի առաջընթացի գրավականն են:
Տոնական այս օրը հատկապես ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ, որ ուսումնառության տարիները նրանց համար լինեն հարուստ ու բովանդակալից, իսկ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը՝ մշտական ուղեկից:
Սիրելի՞ դպրոցականներ, լիահույս եմ, որ ձեր ձեռքբերումներով ու հաջողություններով դուք ավելի հաստատուն կդարձնեք մեր վաղվա օրը, ավելի տեսանելի՝ մեր երազների երկիրը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ ուսումնական տարվա մեկնարկի առիթով, մաղթում եմ քաջառողջություն,անսպառ եռանդ, հաջողություններ ուսման մեջ և կյանքում:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան
30 օգոստոս 2013թ.