Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ
20.09.2013
Սիրելի՛ սյունեցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որն անկասկած թանկ է ու նվիրական մեր ժողովրդի համար: 22 տարի առաջ այս օրը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ՝ չնայած վիճակված բազում փորձություններին և մարտահրավերներին:
Դժվարություններ, որոնց հաղթահարումը ավելի պատվարժան է դարձրել մեր անցած ուղին, առավել արժեքավոր այն զոհողությունները, որ ունեցել ենք մեր պետականության կերտման ճանապարհին:
Բոլոր ժամանակներում էլ Սյունիքը եղել է հայոց ազատագրական պայքարի և անկախության գլխավոր հենասյուներից մեկը:
Եվ այսօր էլ, երբ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում, մենք շարունակում ու շարունակելու ենք ներդնել մեր ջանքերն ու ներուժը` հանուն վաղվա օրվա նկատմամբ մեր հավատքի ամրապնդման, մեր երկրի բարգավաճման ու զորացման:
Կրկին շնորհավորելով ձեզ, սիրելի’ սյունեցիներ, այս պատմական և ուրախալի օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն և ուժ ու եռանդ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և մեր ժողովրդի:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Վ. ՀԱԿՈԲՅԱՆ