Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում էր ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը

26.09.2013

Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզ էր այցելելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի հանքարդյունաբերական և էներգետիկ խոշոր արտադրական ընկերությունների կողքին իրենց զարգացման ծրագրերն իրագործող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, ներդրումային ծրագրերին և հեռանկարին: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից, իրականացնում է տրիկոտաժի արտադրություն: Նախագահին ներկայացվել է, որ չորս ամսվա ընթացքում ընկերությունը կատարել է 30.0 մլն դրամի ներդրում, ներառյալ՝ ժամանակակից մեքենասարքավորումների ներմուծումը: Ընկերությունում աշխատում է 90 մարդ` 70-80 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: 2013թ. ապրիլ-օգոստոս ամիսների դրությամբ, ըստ ընկերության պատասխանատուների, թողարկվել է մոտ 70.7 մլն դրամի արտադրանք, որն ամբողջությամբ արտահանվել է ՌԴ: Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել արտահանման շուկան՝ ավելացնելով արտադրական հզորությունները, որը հնարավորություն կտա աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 120-ի:
Գորիսում Նախագահն այցելել է «Գորիս Գամմա» ընկերություն, որն այժմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության հետ համատեղ իրականացնում է միջազգային պահանջներին համապատասխան ժամանակակից հաստոցների արտադրության նոր ծրագիր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ արդեն ավարտվել են բանակցությունները գերմանական մատակարար կազմակերպության հետ, այժմ բանակցություններ են ընթանում հնարավոր պատվիրատու կազմակերպությունների հետ` պահանջարկի և տեսականու ճշտման նպատակով: Նշվել է, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում Հայաստանում կարտադրվեն թվածրագրային ղեկավարման գերճշգրիտ խառատային և ֆրեզերային հաստոցներ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Ծրագրի 1-ին փուլի ներդրումները կազմել են 1.0 մլն ԱՄՆ դոլար: Համապատասխան պահանջարկի դեպքում, արտադրական ծավալների ընդլայնմանը զուգահեռ, աշխատատեղերի քանակը հնարավոր է հասցնել մինչև 130-ի:
Ներկայում ընկերությունում գործում են մեխանիկական, հատուկ տեխնիկայի հավաքման, էլեկտրաշարժիչների հավաքման, օպտիկական արտադրամասերը և փորձարկումների լաբորատորիան։ Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, պատասխանատուների հավաստմամբ, պատվերներ կան նաև Կանադայից: 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին ընկերությունը թողարկել է 238.0 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 23%-ի աճ: Նշվել է, որ բացի սերիական արտադրանքից, ընկերությունը կատարում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվերները` վերջինիս համար պատրաստելով գործիքներ և սարքավորումներ:
Աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Քաջարան քաղաքում: Նա նախ այցելել է զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:
Այնուհետև Քաջարանի կենտրոնական հրապարակում ՀՀ Նախագահը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և այլ պաշտոնատար անձանց հետ մասնակցել է քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին, որի շրջանակներում պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել տարբեր ոլորտներում իրենց հայրենանվեր գործունեությամբ աչքի ընկած մի խումբ անձանց. «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բաժնի վարիչ Հրաչյա Թադևոսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Ռիվս» գիտաարտադրական միավորման գործադիր տնօրեն Միխաիլ Առուստամյանը (ՌԴ)՝ Անանիա Շիրակացու մեդալով: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով են պարգևատրվել «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Սարո Հայրապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հանքաքարի ջարդման տեղափոխման արտադրամասի էլեկտրագազաեռակցող Զախար Միրզոյանը: Քաջարանում Հանրապետության Նախագահին հանձնել են համայնքի ավագանու որոշմամբ սահմանված «Արցախյան ազատամարտ» առաջին հուշամեդալը:
Նախագահը շնորհավորել է քաղաքի տոնի, ինչպես նաև պարգևատրման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել քաջարանցիներին՝ քաղաքի զարգացման գործում իրենց ամենօրյա ջանքերի ու նվիրումի համար, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ տարեցտարի ինչպես Քաջարանը, այնպես էլ մեր հանրապետության այլ բնակավայրերն ավելի բարեկեցիկ և զարգացած են լինելու: Հանրապետության Նախագահը կոչ է արել տոնակատարության մասնակիցներին ինչպես իրենց քաղաքի, այնպես էլ մեր հանրապետության ապագային նայել լավատեսությամբ ու հավատով:
Տոնակատարության ավարտին Սերժ Սարգսյանը և մարզպետ Վ. Հակոբյանը ներկա են գտնվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա նախկին տնօրեն, լեռնահանքային արդյունաբերության հմուտ կազմակերպիչ Ֆրունզե Պետրոսյանի հուշարձանի բացմանը:
Աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը մասնակցել է նաև վերակառուցված և արդիականացված Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում այցելել Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ շրջայցի ժամանակ ծանոթացել է հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում՝ ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի Սյունիք համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս:
Քաջարանի բժշկական կենտրոնը, որի արդիականացման ուղղությամբ աշխատանքներն սկսվել են 2011թ. օգոստոսին, պատասխանատուների ներկայացմամբ, հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ամբողջովին հագեցված են վիրասրահները: Կենտրոնը հագեցված է նաև կահույքով և բժշկական պարագաներով:
Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի արդիականացման ծրագրի իրականացման վերաբերյալ Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ արդեն իսկ կատարվել են հողային աշխատանքները, մշակման փուլում են նախագծահաշվային փաստաթղթերը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել մշակույթի պալատի շենքի ճակատային մասի, ջրավազանի վերակառուցման, շատրվանների՝ երաժշտական նվագակցությամբ համահունչ գունաձայնային էֆեկտներով համալրման և վերանորոգման, ջրավազանին կից տարածքում հանգստի գոտու կազմակերպման, ինչպես նաև զբոսայգուն հարակից Վաչագան գետի ջրային ավազանի բարեկարգման աշխատանքները:
Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինարարական աշխատանքները, ՀՀ կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում, սկսվել են 2011թ. սեպտեմբերից: Նախագահին զեկուցվել է, որ մինչև 2013թ. դեկտեմբեր կիրականացվեն ուսումնական այդ հաստատության տանիքի, դռների և լուսամուտների տեղադրման, ներքին ջրագծի և կոյուղու մոնտաժման, հատակի նախապատրաստական շերտի կառուցման և ներքին հարդարման աշխատանքները: Կառույցն ավարտելու նպատակով ՀՀ 2014թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 204.0 մլն դրամ:
Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը այցելելով նաև Սյունիք համայնքի մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս՝ ծանոթացել է իրականացված ներդրումներին և արտադրամասի զարգացման ծրագրերին:Նշվել է, որ արտադրամասի գործարկումը կարևոր է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, այլև լուրջ խթան է մարզում, ինչպես նաև ամբողջ հանրապետության տարածքում մանր եղջերավոր անասունների բուծման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51