Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
04.10.2013
Սիրելիՙ ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա առթիվ: Գեղեցիկ ավանդույթի վերածված և պետականորեն նշվող այս տոնը վկայությունն է այն մեծարանքի, ընդգծված պատկառանքի ու հոգատար վերաբերմունքի, որ հայ ժողովուրդն ունեցել է դպրոցի և ուսուցչի հանդեպ:
Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դարերի խորքից եկած կարևորագույն խնդիրը, որը միահյուսվել է մեր ազգային արժեքների պահպանման, մեր երկրի հեռանկարների ու ապագայի կերտման հետ, անքակտելիորեն կապված է ձեզ հետ, սիրելիՙ ուսուցիչներ:
Այսօր, ավելի քան երբևէ, կարևորվում է ձեր դերն ու նշանակությունը ինչպես յուրաքանչյուր աշակերտի մեջ անհատականության ձևավորման, այնպես էլ՝ արդիական գիտելիքներով նոր սերունդ դաստիարակելու գործում: Ժամանակակից աշխարհի հետ համընթաց քայլելու մեր կարողությունը հենց ձեր առաքելությունից է կախված: Դուք բոլոր ժամանակներում էլ անմնացորդ նվիրումով եք կատարել ձեր աշխատանքը և արժանացել պաշտամունքի հասնող հարգանքի:
Սիրելիՙ ուսուցիչներ, թույլ տվեք կրկին իմ շնորհավորանքի ու երախտիքի ջերմ խոսքը և խոնարհումը հղել ձեզ այս հրաշալի տոնի առթիվ, մաղթել քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ` ձեր հայրենանվեր աշխատանքում:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
4 հոկտեմբեր 2013թ.