Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վ. Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ներկայացուցիչներին
11.10.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության որդեգրած երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրով մանկատներում, հատուկ դպրոցներում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցման, այդ հաստատությունների, երեխաների հոսքի կանխարգելման, ինչպես նաև հատուկ հաստատությունների վերակազմավորման քաղաքականությանը և ներառական կրթության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով հատուկ հաստատությունների վերակազմավորմանը` մարզպետը նշեց, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել հատուկ հաստատություններում երեխաների ընդունելությունները, ուժեղացնել կանխարգելման մեխանիզմները և զարգացնել երեխայի խնամքի այլընտրանքային ձևերն ու կայունացնել ընտանիքի աջակցման համակարգը: Այդ առումով կարևորվեց պետական ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացումը և ներառական կրթության ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին նաև տարբեր պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև նշված հաստատությունների բեռնաթափման և վերակազմավորման գործընթացի ապահովմանն առնչվող հարցեր:
Մարզպետ Վ. Հակոբյանը իր գոհունակությունը հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ Սյունիքի մարզի ղեկավարությանն աջակցելու պատրաստակամության համար, մասնավորապես, Գորիսի N 1 և Սիսիանի N 1 հատուկ հանրակրթական հաստատությունները վերակազմակերպելու գործում:
Մարզպետն առանձնահատուկ կարևորեց երեխաների՝ ընտանիքներում ապրելու իրավունքն ու անհրաժեշտությունը, նշելով, որ անհրաժեշտ է համայնքներում ուժեղացնել այլընտրանքային աջակցման ծառայությունների դերը: