Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզում ներդրումային համաժողով կկազմակերպվի
05.11.2013
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը նոյեմբերի 4-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում կազմակերպում է մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները:
Սա նման համաժողովի անցկացման առաջին փորձն է, և կազմակերպիչները լիահույս են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և եկամտի աղբյուրներ: Համաժողովին կմասնակցի նաև ԵԱՀԿ հրավիրված փորձագետը, ով Սյունիքի մարզի համար մշակելու է տնտեսական զարգացման փորձնական մոդելի տեխնիկական բնութագիրը: Հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ներդրողներ: Դեսպանը նաև փոխվարչապետին հրավիրեց մասնակցել համաժողովի բացմանը:
Ա. Գևորգյանը ողջունելի համարեց նախաձեռնությունը`առաջարկելով զարգացման մոդելի մշակման աշխատանքներում ներգրավել նաև շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների, ինչպես նաև դիտարկել օրինակելի մոդել մշակելու տարբերակը, որը հնարավոր կլինի նաև հիմք ընդունել բոլոր մարզերի համար:Նա նաև պատրաստակամություն հայտնեց մասնակցել համաժողովի աշխատանքներին:
Աղբյուրը՝ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին