Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց Սյունիքի առաջին ներդրումային համաժողովը

12.11.2013

  Նոյեմբերի  11-ին  մարզկենտրոն Կապանի մշակույթի  կենտրոնի փոքր դահլիճում մեկնարկեց   Սյունիքի   առաջին  ներդրումային  համաժողովը,  որը  նպատակ  ուներ  խթանել  ներդրումները  տարածաշրջանում,  ավելի  սերտացնել կապերը ներդրումային  քաղաքականություն  իրականացնող    կազմակերպությունների  հետ: Նախաձեռնողները   Սյունիքի  մարզպետարանն  ու  ԵԱՀԿ  երևանյան գրասենյակն  են:   Համաժողովին մասնակցեց  ՀՀ  տարածքային  կառավարման  նախարար, փոխվարչապետ Արմեն  Գևորգյանը, ով  ողջունեց  մարզկենտրոն  Կապան  ժամանած  հյուրերին,  շնորհակալություն  հայտնեց  կազմակերպիչներին,  հույս  հայտնեց,  որ  այս  հարթակը  արդյունավետ  կլինի   Սյունիքի  ներդրումային  հնարավորությունները  ներկայացնելու  համար: Ա. Գևորգյանն իր խոսքում մասնավորապես նշեց.  

<<Մեր  մարզերի, մեր  տարածքային  կառավարման  համակարգի  պատմության  մեջ  առաջին  անգամ   ենք   այս  ներկայացուցչական  կազմով  հավաքվել   ու   այս  ձևաչափով  առաջին  անգամ  ենք  նման  միջոցառում  անցկացնում:  Կառավարության  անունից  խորին  շնորհակալություն  եմ  հայտնում  ԵԱՀԿ երևանյան  գրասենյակի   ղեկավարին,  բոլոր  դեսպաններին,  դիվանագետներին,  միջազգային  կազմակերպությունների  ներկայացուցիչներին>>: 

Սյունիքի  մարզպետ   Վահե   Հակոբյանը  ներկայացրեց  մարզի  զարգացման  հիմնական թիրախները և հանդես եկավ ելույթով, որում մասնավորապես նշեց. 

   <<Մեզ   համար  այսօր  հրատապ  է  տնտեսության   դիվերսիֆիկացմամբ   ապահովել  նոր  աշխատատեղեր   ու  լրացուցիչ   եկամուտներ,  ինչի   համար  մենք  արդեն  ուսումնասիրում    ու  գնահատում  ենք  մարզի  եկամտաբեր  ներդրումային  միջավայրը>>:

ԵԱՀԿ-ն  այս  համաժողովի  միջոցով   աջակցում  է    Սյունիքում  տնտեսության  դիվերսիֆիկացմանը,  փորձում  է  տնտեսական  զարգացման  հնարավորությունները  ներկայացնել  ու  նվազագույնի  հասցնել  տնտեսական  անվտանգության  ռիսկերը,  իր    ելույթում  նշեց  ԵԱՀԿ   երևանյան  գրասենյակի  ղեկավար,  դեսպան Ա. Սորոկինը:

Ներկաների  համար   զեկույցով  հանդես  եկավ  նաև  ԵԱՀԿ-ի կողմից հրավիրված  փորձագետ  Ֆելիքս  Կումի-Ամպոֆոն`<< Տնտեսական   զարգացման  մոդելավորումը   որպես  ներդրումների  խթանման  գործիք>>  թեմայով  ելույթով: Հետաքրքրված  ներդրողները  հարցեր   ուղղեցին  բանախոսին:

Նոյեմբերի   12-ին  զուգահեռաբար 4  նիստեր  են  անցկացվել՝ <<Մարզի տնտեսության զարգացման թիրախները և տնտեսության դիվերսիֆիկացիան>>,  <<Մթերքի արտադրություն  և  վերամշակում>>,<<Անասնապահություն և վերամշակում>>, <<Զբոսաշրջության   ոլորտ >>  թեմաներով:   Մասնակիցների  համար  կազմակերպվել են նաև  այցելություններ   զբոսաշրջային  վայրեր՝    Շիկահողի  արգելոց,  Սոսիների  պուրակ,   մարզում գործող արտադրամասեր:  Համաժողովի  մասնակիցները  հնարավորություն  կունենան  նաև   Մեղրիի,  Գորիսի,  Սիսիանի  տարածաշրջաններում  ծանոթանալ  փոքր  ու  միջին  ձեռնարկատիրության   ներդրումային  հնարավորություններին:

 Սյունիքում    առաջին    ներդրումային  համաժողովի  կազմակերպմանն   աջակցել  են  նաև <<Շուկաներ  Մեղրիի  համար>>  ծրագիրը,<<Վորլդ  Վիժն  Հայաստանը>>, <<Ռազմավարական  զարգացման  գործակալություն>>  ՀԿ-ն:

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 15:19:24