Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կգնահատվեն Սյունիքի մարզի քաղաքային համայնքների սեյսմիկ ռիսկերը
11.12.2013
Սյունիքում մեկնարկեց մարզի 6 քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատման <<Քաղաքի դիմակայունությունը որպես պետության կայուն զարգացման նախադրյալ>> ծրագիրը: Ծրագիրը նպատակաուղղված է հիմնականում հնարավոր երկրաշարժերի դիմակայմանը, նաև` դրանց հետևանքների վերացմանը: Հանրապետությունում նախադեպը չունեցող այս ծրագիրը մեկնարկել է Սյունիքից` հաշվի առնելով ինչպես երկրաշարժի նկատմամբ մարզի զգայնությունը, այնպես էլ մարզի ռազմավարական նշանակությունը: Իրականցվելիք ծրագրի մեկնարկի առիթով այսօր Սյունիքի մարզպետարանում կազմակերպվել էր աշխատաժողով, որին մասնակցում էր ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, քաղաքային համայնքների ներկայացուցիչներ: Նախատեսված է աշխատանքներում ներգրավել սեյսմոլոգներ, երկրաբաններ, գիտաշխատողներ, ինչպես նաև մարզի քաղաքապետարանները` տվյալների փոխանակման, առկա տվյալների տրամադրման և այլ գործընթացներում: Ծրագրի առաջին փուլն սկսվելու է տվյալների հավաքագրումով, երկրորդ փուլում կիրականցվի վերլուծություն, երրորդ փուլում` քարտեզավորման և մոդելավորման աշխատանքներ ու համապատասխան ծրագրի մշակում, որից հետո փորձարկվելու է 2-3 սցենար: Լինելու են նաև շենքերի, շինությունների ուժեղացման առաջարկներ, անցկացվելու են ուսուցողական դասընթացներ: Ծրագրի արդյունքում կպարզվի նաև, թե ինչ աստիճանի են աղետակայուն մարզի քաղաքները, կտրվեն մասնագիտական համապատասխան եզրակացություններ, առաջարկներ, որոնք հետագայում մարզային և համայնքային իշխանությունները պետք է հաշվի առնեն համայնքի զարգացման ծրագրերում: Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև ՄԱԿ-ի կողմից իրականացվող <<Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է>> գլոբալ շարժմանը Սյունիքի քաղաքների միանալու հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվեց աղետների ռիսկերի նվազեցման նոր մշակույթ Սյունիքի մարզում:
<<Ժամանակակից աշխարհում համայնքների զարգացումը և աղետների ռիսկերի նվազեցումը փոխկապակցված են, այդպես պետք է լինի նաև Սյունիքում: Հակառակ դեպքում առանց դրա մարզի զարգացումը կլինի ոչ կայուն և վտանգված>>, - ասաց ՀՀ ԱԻ փոխնախարարը:
Մեկ տարի տեւողության ծրագիրը Սյունիքում կիրականացվի ԱԻ նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով: Ծրագրի հաջողված արդյունքների դեպքում այն կիրականացվի հանրապետության մյուս մարզերում ևս: