Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը հանդիպեց Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ
14.01.2014
Ընթացիկ տարվա ծրագրերին ծանոթացնելու, առկա խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիները գտնելու նպատակով Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի և աշխատակիցների հետ հանդիպեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը:
Խոսելով մարզի առողջապահական հիմնարկների մասին՝ վարչության պետը նշեց, որ մարզի գրեթե բոլոր տարածաշրջանների առողջապահական կենտրոնները արդիականացված են, կամ՝ գտնվում են ընթացքի մեջ: Իսկ Սիսիանի բժշկական կենտրոնը թեև դուրս չի մնացել այդ ծրագրերից, բայց այդ առումով անմխիթար վիճակում է: Նա նշեց, որ առողջապահության նախարարությունում մշակվում է Սիսիանի բժշկական կենտրոնը նույնպես արդիականացնելու ծրագիր, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այս առումով իր պատրաստակամությունն է հայտնել ցուցաբերելու ցանկացած աջակցություն և օժանդակություն: Անդրադառնալով աշխատանքային պայմաններին՝ վարչության պետը հիվանդանոցի գլխավոր խնդիրը համարեց կադրային հարցը, նեղ-մասնագետների պակասը:
Խոսելով Սիսիանի բժշկական կենտրոնի ֆինանսական խնդիրներից՝ մասնավորաբար նշվեց, որ պետք է նախ կարգավորել վճարովի ծառայությունների մեխանիզմը և հետևողականորեն վերացնել ստվերը, ինչից կշահեն բոլորը: Կարևորվեցին բժիշկ- հիվանդ ֆինանսա-առևտրային առողջ հարաբերությունները:
Որպես ֆինանսական կայունացման հնարավորություն անդրադարձ եղավ նաև Սիսիանի և ֆրանսիական քույր քաղաքի հետ համագործակցությանը, նոր հիմնադրամի ստեղծմանը: