Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահե Հակոբյանն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ
16.01.2014
Այսօր տեղի է ունեցել Գորիսի պետական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստի օրակարգային առաջին հարցը բուհի խորհրդի նախագահի ընտրությունն էր: Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդի 24 անդամները միաձայն քվեարկեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի օգտին: Հիշեցնենք, որ խորհրդի նախկին նախագահը Սուրիկ Խաչատրյանն էր: Ընտրվելուց հետո Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ նման խորհրդում աշխատելու փորձ ունի: Նա Երևանի տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է եղել և տեղյակ է ոլորտի հիմանախնդիրներին:
“Գորիսի պետական համալսարանը տարածաշրջանային բուհ լինելով ունի իր առանձնահատկությունները, դրանցից մեկն էլ մրցակցությանը դիմանալու կարողությունն է: Միայն որակյալ, տարածաշրջանի աշխատաշուկայում մրցունակ կադրեր պատրաստելով կարելի է քայլել ժամանակին համընթաց:
Այսօր մեր իշխանությունը մարզպետի առջև խնդիր է դնում տարածքային համաչափ զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացնել ռեգիոնալ ծրագրեր, դիվերսիֆիկացնել տնտեսությունը ու այս ամբողջական շղթայի կարևորագույն բաղադրիչն էլ կրթական համակարգն է՝ միջին մասնագիտական,բարձրագույն ուսումնական հաստատություններով”- ասաց Վահե Հակոբյանը:
Ըստ նրա՝ կրթության և գիտության նախարարության հետ համագորածկցությունը պետք է լինի սերտ և կառուցողական: Չնայած մարզի բուհերը այսօր կայացման, հաստատման որոշակի փուլ են անցել, սակայն անելիքներ դեռ շատ կան:
Կարևորելով գիտության և տնտեսության կապը՝ մարզպետ Վ. Հակոբյանը մասնավորապես նշեց,որ անհրաժեշտ է այն ամրապնդել և ստեղծել զարգացման նոր հնարավորություններ:
<<Կարծում եմ, որ հետագա համագործակցությունն արդյունավետ է լինելու և մեր առջև դրված խնդիրները հստակ են, ժամանակի մարտահրավերներն ընկալելի, այդուհանդերձ կփորձենք միասնական թիմով առաջ քայլել>>:
Մարզպետը հավելելով ասվածին նաև հույս հայտնեց, որ կրթօջախը իր նոր մտածելակերպով, ժամանակի պահանջներով ու մոտեցումներով նոր որակներ կապահովի խորհրդի աշխատանքում, մասնավորապես նշելով, որ որակյալ կադրեր ունենալը ժամանակի հրամայականն է:
<< Մենք միասին հանձն ենք առել այդ գործն ու համոզված եմ, որ այն պիտի պատվախնդորեն կատարենք>>,-ասաց Վահե Հակոբյանը>>: