Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2013 թ-ի գործունեության ամփոփման հաշվետու նիստը
24.01.2014
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2013 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին մասնակցում էր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, քաղաքային համայնքների ղեկավարներ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և ՀՀ ԱԻՆ աշխատակազմի << ԱԻՆ բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Ա. Կարապետյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, իր խոսքում մասնավորապես նշելով . որ տարեցտարի ավելի է մեծանում ծառայության դերը և կարևորվում կառույցի ձեռքբերումներն ու արձանագրած հաջողությունները: Վ.Գրիգորյանը նշեց, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատանքները վերջին տարիների համեմատությամբ գնահատելի են, չափազանց կարևոր մարզի համար, միտված մարզի բարօրությանը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Հարությունյանը, ում ղեկավարած կառույցի գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:
Նրա զեկուցմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2013 թ-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ: Ընթացիկ տարում մարզի տարածքում գրանցվել է` 435 արտակարգ դեպք (2012թ-ին` 269 դեպք), որի հետևանքով զոհվել է 16 մարդ (2012 թ-ին`17 մարդ), օգնություն է ցուցաբերվել է 695 մարդու: Արդյունքում` 2013-ի ընթացքում մարզում 2012-ի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը աճել են 166-ով, զոհերի թիվը նվազել է 1-ով, իսկ տուժածների թիվն աճել է 13-ով: Արտակարգ դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է հրդեհների և ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով:Մարզում 66-ով ավելացել են նաև սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերը
Նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման նպատակով իրականացվել են տարաբնույթ աշխատանքներ:Գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 180 դեպք, արձանագրվել է 66043305 դրամ նյութական վնաս:Պատճառված վնասի չափը ավելացել է, ինչը ըստ պատասխանատուների , պայմանավորված է հրդեհների դեպքերի թվի աճով:
Գրանցվել է 382 տեխնածին,ջրահեղձման՝ 1,փրկարարական աշխատանքների կազմակերպման՝ 2, ինքնասպանության փորձի կանխման՝1, ձնաբքի 6 և մերկասառույցի 22, քամու ուժգնացման և երկրաշարժի 4-ական,սողանքի 2, քարաթափման 6, փլուզման 8, սոցիալ-կենցաղային բնույթի 113 , ականի հայտնաբերման 2 դեպք:
Այնուհետև ներկայացվեցին ԱԻՆ տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներ ու հաշվետվություններ, որոնց առնչությամբ հնչած հարցերին պատասխանեցին ոլորտի պատասխանատուները:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի << ԱԻՆ բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Ա. Կարապետյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարում մարզային փրկարարական կառույցները համալրվելու են տեսախցիկներով: Խոսվեց նաև սահմանամերձ համայնքներում հենակետերի ստեղծման անհրաժեշտության մասին:Անդրադարձ եղավ շահագործվող վերելակների խնդրին: Նշվեց, որ խնդիրը առնչվում է պատասխանատուների հետ և ներկայումս կարգավորման փուլում է:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, բավարար գնահատելով կատարված աշխատանքները, նշեց, որ չնայած արդյունքները գոհացուցիչ են, բայց անելիքներ դեռ շատ կան: Եվ, ըստ նրա, տարեցտարի պետք է պակասեն բացթողումները, շտկվեն թերությունները: