Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեցին Հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները

28.01.2014

Այսօր մարզկենտրոն Կապանում անցկացվեցին տոնական միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի օրվան, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Կապանի քաղաքապետ Ա.Հայրապետյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ: Տոնին առանձնակի շուքով էին պատրաստվել քաղաքում տեղակայված N զորամասի զինծառայողները: Առավոտյան կազմակերպված զինվորական միտինգին զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Սերոբյանը բարեմաղթանքի իր խոսքում մասնավորապես ասաց. <<Ցանկանում եմ, որ ձեր զենքերն օգտագործեք միայն ուսումնական վարժանքների ժամանակ>>:
Տոնի առիթով շնորհավորելով զինվորներին, սպաներին ու ազատամարտիկներին, Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը իր խոսքում մասնավորապես նշեց, որ Հայոց բանակի օրը ողջ հայ ժողովրդի տոնն է, և այն իր մեջ մարմնավորում է մեր ժողովրդի հերոսական ոգին, հաղթելու վճռականությունը, ուժն ու անկոտրում կամքը: Տոնի առթիվ Վ. Գրիգորյանը ռազմական գործի բոլոր նվիրյալներին մաղթեց ուժ, եռանդ ու կորով, իսկ հայոց զինվորին` բարձր մարտունակություն, հզորություն ու անպարտելիություն:Օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարության կողմից ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը զորամասին ակտիվ աջակցության և հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունենալու համար պարգևատրվեց պատվոգրով: Զորամասի մի շարք զինծառայողներ նույնպես արժանացան ՀՀ ՊՆ, Կապանի քաղաքապետի, <<Ազատամարտ>> կոմիտեի ու զորամասի հրամանատարի շնորհակալագրերի ու պատվոգրերի: Այնուհետև տոնական միջոցառումները շարունակվեցին Կապանի Գ. Նժդեհ հրապարակում, որտեղ օրվան համահունչ երաժշտական կատարումներով հանդես եկավ Կապանի քաղաքապետարանի փողային նվագախումբը: Հրապարակում զինվորական հնարքներով ցուցադրական ելույթ ունեցան N զորամասի հետախուզական վաշտի զինվորները: 

Կազմակերպվել էր նաև այցելություն Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրվեցին հայրենիքի նահատակների շիրիմներին և մեկ րոպե լռությամբ հարգվեց նրանց հիշատակը: Տոնական օրը եզրափակվեց Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում կազմակերպված տոնական համերգով, որին մասնակցում էին կենտրոնի երաժշտական խմբերն ու անհատ կատարողները:
Հայոց բանակի 22-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ անցկացվեցին նաև մարզի մյուս քաղաքային համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 12:51:08