Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխվարչապետն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
03.02.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցն սկսեց Սիսիանի տարածաշրջանից:
Գորայք համայնքում փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներ Վահե Հակոբյանի ու Էդգար Ղազարյանի, Ջերմուկի և Գորայք համայնքների ղեկավարների, ինչպես նաև «Գեոթիմ» ընկերության պատասխանատուների մասնակցությամբ: Ներկայացվեցին ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում Գորայք, Ջերմուկ, Գնդեվազ և Սարավան համայնքներում իրականացվելիք ծրագրերը:
Ծղուկ համայնքում փոխվարչապետն այցելեց «Բորիսովկա» կաթի վերամշակման ընկերություն, ծանոթացավ արտադրական հզորություններին ու պայմաններին: Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն(CARD) հիմնադրամի աջակցությամբ ընկերությունը բարելավել է արտադրական պայմանները, կառուցվել են նոր արտադրամասեր` ընդլայնելով արտադրության ծավալները: Ընկերությունը ներկայումս համագործակցում է ավելի քան 100 գյուղացիական տնտեսությունների հետ և վերամշակում է տարեկան մոտ 1000 տոննա կաթ: Փոխվարչապետը հեռավոր գյուղերում վերամշակող փոքր ընկերությունների գործունեությունը կարևոր համարեց, որոնք նպաստում են ֆերմերային տնտեսությունների արտադրած գյուղմթերքի իրացմանն ու նաև աշխատատեղեր ստեղծում:
Սառնակունք համայնքում փոխվարչապետն այցելեց CARD հիմնադրամի Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն (ԳԱՍԿ), ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, մատուցվող ծառայություններին և իրականացվող ծրագրերին, քննարկվեցին Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) հետ համագործակցության հնարավորությունները: Նշվեց, որ 2011թ-ից գործող կենտրոնն առաջարկում է անասնաբուժական տարբեր ծառայություններ, տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն: Կենտրոնում ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան մասնագետների կողմից պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ անասնաբույժների, ֆերմերների, վերամշակողների և արտադրողների համար: Կենտրոնը ներկայումս համագործակցում է 18 անասնաբույժի և արհեստական սերմնավորող տեխնիկների հետ, որոնք սպասարկում են 40-ից ավելի համայնք` տարեկան շուրջ 4,000 մանր ու միջին ֆերմերային տնտեսություն:
Փոխվարչապետն այնուհետև այցելեց Գորիս, որտեղ քաղաքապետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզպետի, տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների 2013թ. կատարողականի, 2014թ. բյուջեների կատարման, համայնքապետարաններում և համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրման և ընթացիկ այլ հարցեր: Համայնքների ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների մասին:
Փոխվարչապետն այցելեց նաև քաղաքի «Միրհավ» հյուրանոցային համալիր, որի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել վերջերս: Հյուրանոցը կառուցվել է սփյուռքահայ գործարարի ներդրումներով, մատուցվելու են եվրոպական չափանիշներին համապատասխան ծառայություններ: Փոխվարչապետը կարևոր համարեց մարզում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը` հաշվի առնելով, որ տարեցտարի ավելանում է Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը: Ըստ նրա` որակյալ ծառայություններ ու հարմարավետ պայմաններ առաջարկող հյուրանոցների առկայությունը դրական ազդեցություն կունենա մարզի զբոսաշրջային ներուժի ընդլայնման տեսանկյունից:
Մարզկենտրոն Կապանում Ա. Գևորգյանը մարզպետ Վ. Հակոբյանի, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի ազգային արխիվի մարզային մասնաճյուղ, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Տեղում քննարկվեցին շենքը ջեռուցման ապահովելու հնարավորությունները:
Այնուհետև մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետը, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանների պատասխանատուներ, ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև 2013թ. իրականացված աշխատանքները: Նշվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված 177 միջոցառումից իրականացվել է 128-ը, 49-ը ընթացքի մեջ է: 2013թ. մարզում ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 38,5 մլրդ դրամի ներդրում, որից 23,1 մլրդ դրամ` արդյունաբերության, 6,1 մլրդ դրամ` ՓՄՁ և մասնավոր հատվածում, 4,1 մլրդ դրամ` սոցիալական, 3,5 մլրդ դրամ` ենթակառուցվածքների, 534 մլն դրամ` գյուղատնտեսության, 220 մլն դրամ` բնապահպանության, 484,1 մլն` քաղաքաշինության ոլորտներում:
Մարզի համայնքների բյուջեների 2013թ. ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 97,7%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 11,5 %-ով կամ 373 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 97,7 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 7 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 93,4 %-ով, գույքահարկինը` 104,5 %-ով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մարզի համայնքների բյուջեների կատարմանը, մարզպետարանների և համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մարզի համայնքներում 2013թ. կատարված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող և ընթացիկ մի շարք այլ հարցեր: Ներկայացվեց նաև մարզի համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքների ընթացքը: Ներկայումս մարզի 109 համայնքից Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված արդեն 52 համայնքում, որից 39-ը նաև կարող է էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնել և փոխգործակցվել «Mulberry» համակարգի հետ: