Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելեց Մեղրու տարածաշրջան
27.02.2014
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը փետրվարի 26-ին այցելեց Մեղրու տարածաշրջան:
Մարզպետն աշխատանքային այցն սկսեց Լեհվազ համայնքից: Մեղրու տարածաշրջանի այս գյուղը 700-ից ավելի բնակիչ ունի: Մասնավորապես բարձրացվեցին գյուղի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Գյուղի համայնքի ղեկավարի հետ քննարկվեցին մանկապարտեզի տանիքի նորոգման, նոր խաղահրապարակի կառուցման, հանդիսությունների տան գույքի համալրման հետ կապված հարցեր:
Մարզպետը շրջայց կատարեց Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին: Այստեղ վթարային վիճակում է գտնվում դպրոցի տանիքը: Մարզպետը հանձնարարեց ուսումնասիրել և նախագծեր կազմել: Կրթօջախում ներկայումս սովորում է 341 աշակերտ և կառուցման օրվանից չի նորոգվել:
Մարզպետն այնուհետև այցելեց Ալվանք գյուղի դպրոց: Դպրոցում սովորում է 26 աշակերտ և հիմնանորոգման կարիք ունի մարզադահլիճն ու սանհանգույցը: Չնայած այն հանգամանքին, որ նախորդ այցերի ժամանակ բարձրացված խնդիրների մի մասը լուծում է ստացել, այդ թվում՝ նաև տեսքի է բերվել դպրոցի շրջակայքը, բարեկարգվել՝ գյուղամիջյան ճանապարհները, սակայն դեռ չլուծված խնդիրներ կան:
Վահե Հակոբյանը կանգ առավ նաև Կարճևան համայնքում: Նշված համայնքներում մարզպետը հանդիպեց նաև բնակիչների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց հուզող հարցերը:
Վահե Հակոբյանի աշխատանքային այցն ավարտվեց Մեղրի-Նռնաձոր-Ագարակ ճանապարհի խաչմերուկում կառուցվող նոր բժշկական կենտրոնի տարածք այցելությամբ, որտեղ ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: