Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետների մասնակցությամբ քննարկվեցին ընթացիկ մի շարք խնդիրներ
07.03.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք հինգերորդ հրատապ ծրագրի հետ կապված հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ անհրաժեշտ քննարկումներ են եղել տեղերում, և արդեն վերջնականացվել են յուրաքանչյուր մարզից ծրագրի համար ներկայացվող հայտերը:
Խորհրդակցությանը ներկայացվեցին նաև հանրապետության համայնքների սեփական եկամուտների 2014թ. առաջին երկու ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 110 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 21,2 տոկոս աճ: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց խնդիրը մշտական ուշադրության կենտրոնում պահել, և ընթացքում թերացումներ նկատելու դեպքում պատճառները քննարկել տեղերում:
Քննարկվեցին նաև մարզպետարանների և համայնքապետարանների ենթակայությամբ գործող առողջապահական հաստատությունների ֆինանսավորմանն ու գործունեության արդյունավետ կազմակերպման հարցեր: Մարզպետները նաև տեղեկություններ ներկայացրեցին հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի, ինչպես նաև սերմացուի հատկացման ծրագրերի ընթացքի մասին: Քննարկվեցին համայնքների գլխավոր հատակագծերի կազմման, ինչպես նաև կադաստրային գործընթացներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ եղավ նաև մարտի 9-ին հանրապետության շուրջ հինգ տասնյակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման հետ կապված հարցերին: Մարզպետները տեղեկացրեցին, որ անհրաժեշտ նախապատրաստական և տեխնիկական աշխատանքերն իրականացված են:
Փոխվարչապետը նաև մարզպետների ուշադրությունը հրավիրեց միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքներում աղբահանության կազմակերպման խնդրին` ընդգծելով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից աշխատանքների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր:
Աղբյուրը` mta.gov.am