Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կապանում կլինի ժամանակակից էլեկտրոնային գրադարան
12.03.2014
Կապանում մեկնարկել են առաջին էլեկտրոնային գրադարանի հիմնադրման աշխատանքները: «Էլեկտրոնային գրադարան» դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 4 ամսվա ընթացքում:
Ծրագրի նպատակն է «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի թիվ 1 մանկական գրադարանի բազայի վրա էլեկտրոնային սարքավորումների ներդրմամբ նպաստել համայնքի գրադարանային ծառայությունների որակի բարելավմանը: Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ որոշ մասնագիտական գրքեր գրադարանում ընդամենը 1- 2 օրինակ են և կան արժեքավորները, որոնք մաշվածության պատճառով գրադարանից հանել հնարավոր չէ: Նախատեսվում է նմանատիպ գրքերի թվայնացում և խմբավորում համակարգչի մեջ, որպեսզի դրանք հասանելի լինեն բոլորին: Նորաբաց գրադարանում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի համապատասխան էլեկտրոնային սարքավորումների, համակարգիչների միջոցով, բարձր մակարդակով և որակով իրականացվի ընթերցողների սպասարկումը, որոնց հնարավորություն կտրվի օգտվելու ոչ միայն տեղի գրքային ֆոնդից,այլև էլեկտրոնային կապի միջոցով` նաև այլ գրադարանների էլեկտրոնային փաթեթներում գտնվող գրքային ֆոնդերից: Ժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկում ապահովելու համար կվերապատրաստվեն գրադարանի աշխատակիցները : Գրադարանի այցելուները հնարավորություն կունենան օգտվելու համակարգիչներից, ինտերնետից, էլեկտրոնային տարբեր գրադարաններից, աուդիոգրքերից և այլն: Այս հնարավորությունները թույլ կտան գրադարանում կազմակերպելու բաց դռներ,կինոդիտումներ, հանդիպումներ և այլն: Գրադարանը մատչելի կլինի նաև ամենափոքր տարիքի ընթերցողներին, որոնց համար կկազմակերպվեն նաև տրամաբանական խաղեր: Մայրաքաղաքի և այլ գրադարանների արխիվներից էլեկտրոնային տարբերակով օգտվելու համար Կապանի էլեկտրոնային գրադարանը կանդամակցի Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (ՀԷԳԿ):