Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանը

13.03.2014

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Սյունիք կատարած այցի շրջանակում նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում, այնուհետև Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Վ. Գասպարյանը հանդիպում ունեցավ մարզպետ Վահե Հակոբյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների և կրթական հաստատությունների տնօրենների հետ: ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը ողջունեց ոստիկանապետի այցը Սյունիքի մարզ, նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում նման ձևաչափով հանդիպումը աննախադեպ է, այնուհետև ձայնը փոխանցեց Վ. Գասպարյանին: Ներկայացնելով այցի նպատակը և ոստիկանության ծրագրերը՝ ոստիկանապետը նշեց այն ուղղությունները, որոնցով ակնկալվում է համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ: Նկատի ունենալով մարզի աշխարհագրական դիրքն ու ռազմավարական նշանակությունը, ոստիկանության պետը կարևորեց ոստիկանության նախաձեռնողական մոտեցումը հատկապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներին: Նաև հորդորեց համայնքապետերին ու կրթօջախների տնօրեններին աչալուրջ լինել, ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ ուսումնական ու դաստիարակչական գործընթացներում, մասնավորապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներում: Ոստիկանապետը տեղեկացրեց, որ մարզի հինգ դպրոցներում կլինեն ոստիկանության աշխատակիցների հաստիքներ: Ոստիկանության պետն անդրադարձավ գյուղապետերի հետ աշխատանքի կազմակերպման, որսագողության դեմ համատեղ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, միջպետական և համայնքային ճանապարհների նշագծման ու մի շարք այլ խնդիրների, որոնց լուծման գործում ակնկալվում է սերտ աշխատանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Ի դեպ, ոստկանությունը պատրաստակամ է իրավական աջակցություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին, համակարգված բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով, սերտ համագործակցություն մանկավարժների հետ՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության հետևանքներից և թմրամոլներից անչափահասներին զերծ պահելու նպատակով և այլն: Կարևորվեց հատկապես ապօրինի զենք-զինամթերքի առգրավումը և գյուղական բնակավայրերում ոստիկանության ծառայության առանձնահատկություններն ու հողի մշակի հանդեպ առանձնակի վերաբերմունքի անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները հասարակության հետ աշխատանքն ավելի սերտացնելու, համատեղ գործողությունները համակարգելու և հետադարձ կապն ապահովելու ուղղությամբ: Քաջարանի քաղաքապետ Վ. Գևորգյանը հանդես եկավ Քաջարանի ոստիկանության բաժանմունքը բաժնի վերակազմավորելու առաջարկությամբ: Վ. Գասպարյանը տեղեկացրեց, որ առաջարկության մասին կզեկուցվի և կտրվի լուծում: Այնուհետև Վ. Գասպարյանը Արցախյան ազատամարտի մասնակցության և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար պարգևատրվեց ոսկե շքանշանով: Հանդիպման ավարտին ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումները և նշեց, որ բարձրացված շատ հարցերի շուրջ կլինեն քննարկումներ առաջիկա խորհրդակցությունների ու հատկապես առաջիկա մարզխորհրդի նիստի ընթացքում: Շնորհակալություն հայտնելով Սյունիքի մարզի հանդեպ ցուցաբերած առանձնակի վերաբերմունքի համար մարզպետ Վահե Հակոբյանը Վ.Գասպարյանին նվիրեց Սյունիքի բնապատկերով գեղանկար: Վ. Գասպարյանը իր գոհունակությունը հայտնեց մարզպետ Վ. Հակոբյանին իրավապահ մարմինների հետ կատարված աշխատանքների և սերտ համագործակցության պատրաստակամության համար և հանձնեց ոստիկանի զինանշանով կրծքանշան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05