Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Հակոբյանը ներկա է գտնվել <<Արդյունավետ և թափանցիկ աշխատող ՏԻՄ>> ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը
21.03.2014
Մարտի 20-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ <<Արդյունավետ և թափանցիկ աշխատող ՏԻՄ>> ծրագրի (<<Մեկ պատուհան>> և <<Առողջ հոգի՝ առողջ մարմնում>> ենթածրագրերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, <<Քաունթերփարթ ինթերնեշնլ>> կազմակերպության ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվել է պետբյուջեի պահուստային ֆոնդից՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ,Կապանի քաղաքապետարանի և <<Քաունթերփարթ ինթերնեշնլ>> կազմակերպության համատեղ ջանքերով: Այս ծրագրով քաղաքապետարանում ներդրվել է քաղաքացիների սպասարկման <<Մեկ պատուհանի>> սկզբունքը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և նպատակը բնակչության սպասարկման բարձր որակի ապահովումն է, քաղաքապետարանի և քաղաքացիների միջև շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելը, փաստաթղթերի հետ աշխատելու գործընթացն ու արխիվացումն առավել արդյունավետ և սահմանված ժամկետներում իրականացնելը:Ծրագրի շրջանակներում կառուցվել են նաև թեքահարթակներ, ինչի շնորհիվ մատչելի է դարձել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց մուտքը քաղաքապետարան: Իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը 17 մլն դրամ է:
Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրված հյուրերին ցուցադրվեց տեսանյութ. նորաբաց բաժնի վերապատրաստված աշխատակիցները բացատրեցին «Մեկ պատուհան»-ից օգտվելու ձևերը։
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր գոհունակությունը հայտնեց նախաձեռնության առիթով։ Մարզպետն իր խոսքում մասնավորապես նշեց, որ «Արդյունավետ և թափանցիկ աշխատող ՏԻՄ» ծրագիրը պետք է նոր շարունակություն տա միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը։
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլարդը նույնպես ողջունեց կապանցիներին և շնորհավորեց բնակչությանը՝ նորամուծության առթիվ։
Հյուրերի ելույթներից հետո կտրվեց «Մեկ պատուհան»-ը խորհրդանշող տորթը։ Հյուրասիրությունից հետո միրջոցառումը տեղափոխվեց Կապանի Մարմնամարզության մանկապատանեկան դպրոց։ <<Արդյունավետ եւ թափանցիկ աշխատող ՏԻՄ>> ծրագրի մեկ այլ` <<Առողջ հոգի` առողջ մարմնում>>, 21 մլն դրամ արժողության ենթածրագրի առաջին փուլով մասնակի նորոգման աշխատանքներ են կատարվել Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ ամբողջովին նորացվել են պատուհանները, դռները, նորոգվել սանհանգույցները, հանդերձարանները, բուժքրոջ աշխատասենյակը, նորոգվել մարզասենյակները՝ սալիկապատվել պատերը եւ հատակը, փոխվել ջրամատակարարման, կոյուղու ցանցերը: Բացի դրանից, ծրագրի երկրորդ փուլով դպրոցի համար ձեռք է բերվել մոտ 3 մլն դրամի նոր մարզագույք: Դպրոցի սաները որպես շնորհակալություն հովանավորներին նվիրեցին իրենց գեղեցիկ ելույթները։