Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Չեխիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային
21.03.2014
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:
Մարզպետը շնորհավորեց դիվանագետին` այցի կապակցությամբ և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ դիվանագետն իր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Սյունիքի մարզի զարգացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի և Չեխիայի տարբեր քաղաքների, մարզերի ու նահանգների միջև գործընկերային կապերի հաստատման գործընթացը:
Մարզպետ Վ. Հակոբյանը Պետր Միկիսկային ներկայացրեց մարզի ներդրումային պատկերը և հանդես եկավ առաջարկությամբ Սյունիքի մարզի և չեխ գործարարների փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ:
Վ. Հակոբյանը հատկապես անդրադարձավ ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացման հեռանկարներին: Մարզպետը հույս հայտնեց, որ հետագայում սկիզբ կդրվի Սյունիքի և Չեխիայի Հանրապետության մարզերի ու քաղաքների միջև գործակցությանը:
Կողմերը քննարկեցին նաև ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները` արձանագրելով, որ առկա է նման ձևաչափով գործընկերային կապերի զարգացման ներուժ:
Պետր Միկիսկան պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ շփումների խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: