Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ

16.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Փոխվարչապետը նախ շնորհավորեց Արարատի, Կոտայքի և Տավուշի նորանշանակ մարզպետներին և արդյունավետ աշխատանք մաղթեց:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվեցին համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարևորվեց պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կմասնակցեն մարզխորհրդի նիստերին՝ հարցի հետ կապված իրենց մոտեցումները ներկայացնելու, արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու և համագործակցության վերաբերյալ մեխանիզմներ առաջարկելու նպատակով:
Քննարկվեցին նաև սահմանամերձ համայնքների աշակերտների համար մայրաքաղաք ճանաչողական և մշակութային այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետներն առաջիկայույմ համապատասխան տեղեկություններ կտրամադրեն Մշակույթի նախարարությանը: Նախատեսվում է, որ այցերը կմեկնարկեն սեպտեմբերից: Քննարկվեցին նաև 2013-2014 ուսումնական տարվա ավարտական միջոցառումներին, դրանց պատշաճ անցկացմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված հարցերին: Մարզպետները տեղեկացրեցին, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական և նախագծային աշխատանքները հիմնականում ավարտված են:
Ներկայացվեցին նաև հանրապետության համայնքների սեփական եկամուտների 2014թ. առաջին չորս ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների (հիմնական հինգ հարկատեսակների մասով) կատարողականը կազմել է 101,2 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 19,2 տոկոս աճ: Հողի հարկի կատարողականը կազմում է 78,3, գույքահարկինը՝ 107,7 տոկոս: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց մշտական ուշադրության կենտրոնում պահել խնդիրը և հետևողական լինել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումների նկատմամբ:
Քննարկվեցին նաև հունիսի 8-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքներն իրականացվում են:
Խորհրդակցությանն անդրադարձ եղավ ընթացիկ մի շարք այլ հարցերի ևս:
 

Աղբյուրը՝ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 12:36:40