Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԴՊՐՈՑԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿ
25.08.2014
2011 թվականի ամռանը Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շենքը փլուզվեց: Բարեբախտաբար, տուժողներ չեղան: ՀՀ կառավարությունը որոշեց կառուցել նոր շենք: 2011 թվականի հոկտեմբերից մեկնարկած շինաշխատանքներում նկատելի էր կառուցման դանդաղ ընթացքը և, կարծիք կար, որ այն այս տարի ևս շահագործման չի հանձնվելու, սակայն վերջին մեկ տարում հաջողվեց աշխատանքները հասցնել տրամաբանական ավարտին: Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել էր դպրոցի շինհրապարակ: Դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը հույս հայտնեց, որ նոր ուսումնական տարին կդիմավորեն նորակառույց շենքում: Սյունիքի մարզպետն իր պատրաստակամությունը հայտնեց օր առաջ կազմակերպել դպրոցամուտը: Շինարարական կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենց աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին, բայց կարվի հնարավորը՝ ժամկետից շուտ աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Դպրոցի շենքում կատարած շրջայցից հետո Վահե Հակոբյանը խնդիր դրեց՝ շինաշխատանքների շուտափույթ ավարտը չպետք է ազդի որակի վրա: Տեղեկացնենք, որ շենքը կառուցվում է պետբյուջեի միջոցներով, իսկ կահավորումը կիրականացվի Սոցներդրումների հիմնադրամի կողմից: