Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
29.08.2014

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժան մանկավարժներ
Սրտանց շնորհավորում եմ գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Համոզված եմ, որ 21-րդ դարում առանց կրթության ու գիտելիքի լուրջ հաջողությունների հասնել հնարավոր չէ: Տեխնոլոգիապես արագ զարգացող դարաշրջանը ստիպում է յուրաքանչյուրին ունենալ բավարար գիտելիքներ աշխարհի ընթացքից ետ չմնալու ու սեփական երկիրը շենացնելու համար: Ահա այս ամենի գիտակցումն է, որ ինձ ստիպում է լինել ձեր կողքին՝ միայն թե սյունեցի որևէ երեխա չմնա առանց ուսման ու ստանա որակյալ կրթություն: Ուզում եմ, վերջնականապես մերժենք ձևավորված այն մտայնությունը, թե կրթությունը մեզանում կարևոր չէ: Անցել են այդ ժամանակները: Արդեն հիմա տեսանելի է, որ որակյալ մասնագետները ստանում են բարձր աշխատավարձ ու ապրում են բարեկեցիկ կյանքով: Թող պահանջված մասնագետ դառնալը՝ լինի նաև ձեր երազանքը:
Ուրախ եմ, որ այս տարի Կապանի թիվ 2 ավագ դպրոցն ուսումնական տարին դիմավորելու է սեփական հարկի տակ: Շնորհավորում և ակնկալում եմ, որ դպրոցը կշարունակի կրթական ձեռքբերումների ավանդույթը:
Այս տարի նշում ենք մեր մեծ սյունեցու՝ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը: Սահյանին, Բակունցին ու շատ մեծանուն սյունեցիների /ոչ միայն գրականության ոլորտում/ գործը շարունակելը մեզանում պետք է դառնա նպատակ, որին հասնելու առաջին գրավականն ուսում ստանալու ձգտումը պետք է լինի:
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ
Հատկապես դիմում եմ նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնում կրթօջախ: Ուզում եմ սրտանց շնորհավորել, հավատացե՛ք, դա ձեր ծնողների համար անմոռանալի ձեռբերում է, և միանում եմ նրանց երազանքին, որ կրթությամբ դուք գտնելու եք ձեր արժանի տեղը կյանքում: Ձեզ բարի երթ ու երազանքների իրականացում:
Հարգարժա՛ն մանկավարժներ
Այսօր, անկախ դժվարություններից, ձեր ուսերին է բարդ ու պատասխանատու այս առաքելությունը: Մաղթում եմ անձնական այնքան երջանկություն, որ կարողանաք անթերի նվիրվել ձեր աշխատանքին: Սյունիքն ավանդաբար համարվում է կրթական կենտրոն, բայց մենք պետք է կարողանանք նոր որակ ու արդյունքներ ապահովել:
Միով բանիվ՝ շնորհավոր գիտելիքի օր:
Հարգանքով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան