Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ <<ԳՈՐԻՍՅԱՆ ՕՐԵՐ>> ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ
11.10.2014
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Գորիսի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող ամենամյա, ավանդական դարձած <<Գորիսյան օրեր>> տոնակատարությանը: Տոնակատարությանը ներկա էին Գորիսի երկու քույր քաղաքներ` Ֆրանսիայի Վիեն և Բելոռուսիայի Նեսվիժ քաղաքները ներկայացնող պատվիրակությունները, Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ, Սյունիքի մարզի համայնքապետներ, համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր տարբեր երկրներից: Բազմահազար գորիսեցիներ իրենց անմիջական մասնակցությունն էին բերել համաժողովրդական բնույթ կրող տոնակատարությանը, որի մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է` ընդգրկելով ողջ Սյունիքի մարզը: Տոնակատարությունը սկիզբ է առել Մխիթար սպարապետի հրապարակից, որից հետո մասնակիցները Հին Գորիս գյուղում ներկա են գտնվել <<Կյորես>> ներկայացմանը, մանկական հրապարակի բացմանը` Գորիսի Գետափնյա թաղամասում: Ակսել Բակունցի տուն-թանգարան այցելությունը <<Գորիսյան օրեր>> տոնակատարության շրջանակում պարտադիր ավանդույթ է, քանզի հենց <<Բակունցյան օրեր>> տոնակատարությունն է, որ վերաճել, դարձել է Գորիս քաղաքը ներկայացնող տոնակատարություն:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը գորիսյան այցելության շրջանակում հանդիպում ունեցավ դեղատների տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվեցին դեղորայքի մատակարարման և գնային քաղաքականության հետ առնչվող հարցեր: Գորիսի տարածաշրջանի դեղատների հետ ևս ձեռք բերվեց պայմանավորվածություն. այսուհետ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ազգաբնակչությանը հասանելի դարձնել 10%-ով էժան: