Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
12.02.2015
Փետրվարի 11-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպեց աշխատանքային այցով մարզ ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի հետ: Այցի առաջին կանգառը Խնձորեսկ գյուղական համայնքում էր, որտեղ կայացավ նորակառույց անասնաբուժական կենտրոնի բացումը:
Մարզպետ Ս. Խաչատրյանը, ներկաներին շնորհավորելով կենտրոնի բացման առիթով, նշեց.
<<Այս անասնաբուժական կենտրոնը թվով երկրորդն է: Առաջինը կառուցվել էր Սառնակունք համայնքում: Խնձորեսկ համայնքի ընտրությունը պատահական չէ: Այստեղ խորհրդային տարիներին գործում էր տարածքի ամենախոշոր անասնապահական տնտեսություններից մեկը: Ներկայումս խոշոր եղջերավորների գլխաքանակը երկու անգամ գերազանցում է խորհրդային շրջանում արձանագրված քանակական ցուցանիշներին: Անասնաբուժական կենտրոնի գործարկումը կապահովի որակական նոր ցուցանիշներ, ինչը կնպաստի արտադրանքի արտահանմանն ու շուկայում մրցունակության ապահովմանը: Կկառուցվի նաև սպանդանոց իրացման խնդիրներին լիարժեք և ամբողջական լուծում տալու համար>>:
Նախարար Ս. Կարապետյանը ներկայացրեց նորաբաց կենտրոնի հնարավորությունները.
<<Անասնաբուժական կենտրոնը կառուցվել է ՀՀ գյուղնախարարության կողմից, Համաշխարհային բանկի աջակցությաբ <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ծրագրի (2011-2016 թթ.) շրջանակներում: Կենտրոնում կկազմակերպվի պատվաստանյութերի, դեղորայքի, գյուղատնտեսական գործիքների վաճառք, կապահովվի բոլոր տեսակի անասնապահական ծառայությունների մատուցումը, թրեյնինգների լսարանը, որը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով` կկազմակերպվեն խորհրդատվական դասընթացներ, կտրամադրվեն գյուղատնտեսական վարկեր>>:
Անասանապահական կենտրոնի հանդիսավոր բացումից հետո, նախարար Ս. Կարապետյանը և մարզպետ Ս. Խաչատրյանը մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկեցին գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպական հարցեր և առկա խնդիրներ:
Սյունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարին մարզում գյուղատնտեսության զարգացմանն ու խթանմանն ուղղված աշխատանքների և իրականացվող բազմաբնույթ ծրագրերի համար:
Նախարար Ս. Կարապետյանը իր ելույթում ներկայացրեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հետ առնչվող հարցերն ու առաջնայնությունները.
<< Սյունիքի մարզն անասնապահության և բուսաբուծության համար նպաստավոր պայմաններ ունի: Վերջին 4 տարիներին կատարված աշխատանքների արդյունքում կարողացել ենք ապահովել առաջընթաց հատկապես հացահատիկի արտադրության բնագավառում: Հողերի յուրացումը հասցրել ենք 75%-ի: Նախարարության կողմից իրականացվում է <<Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ապահովման ծրագիր>>-ը, որին մասնակցում են 17 համայնքներ, դրանց մեջ զգալի թվով համայնքներ ներգրավված են Սյունիքի մարզից: Ծրագրում ներգրավված գյուղական տնտեսությունները միավորված են կոոպերատիվների մեջ, ինչը բարձրացրել է կատարվող աշխատանքների արդյունավետությունը: Ծրագիրը կշարունակվի` իր մեջ ընդգրկելով անասնապահության զարգացման հետ առնչվող բոլոր շղթաները, դրանք են` սպանդանոցների կառուցում, վերամշակում, փաթեթավորում և արտահանում: Այստեղ շեշտը դրվելու է պատրաստի արտադրանք արտահանելու վրա:
Գյուղացիական տնտեսությունների համար մեծ օգնություն էր սուբսիդավորվող վարկի տրամադրումը, որի 14%-ից 4%-ը վճարում էր պետությունը: Այս տարի պետության կողմից կվճարվի այդ վարկի 6%-ը: Հացահատիկի, կերային մշակաբույսերի սերմնացուները, դիզելային վառելիքը գյուղացուն կտրամադրվեն 50% զեղչով:
Անցյալ տարի մշակվեց և կյանքի կոչվեց ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկի լիզինգային ծրագիրը գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանն օժանդակման համար:
Գյուղացու ամենամեծ խնդիրը արտադրանիքի իրացումն է, մարզպետ Ս. Խաչատրյանի նախաձեռնությամբ մարզում կգործարկվեն պտուղ-բանջարեղենի վերամշակման երկու գործարաններ, ինչը նոր թափ կհաղորդի ոլորտին: Ես, առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Խաչատրյանին Սյունիքի մարզում մեր կողմից առաջադրված գյուղատնտեսական խնդիրներին արագ արձագանքելու և համակարգված լուծումներ տալու համար>>:
Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ Գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսական նվաճումների համար>> ոսկե մեդալով պարգևատրվեց Սյունիքի մարզի ֆերմեր Գ. Շալունցը, իսկ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:
Գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի այցը ՀՀ Սյունիքի մարզ արդյունավետ էր և կառուցողական: