Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
18.02.2015
Սույն թվականի փետրվարի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կապանի տարածաշրջանի դպրոցների տնօրենների խորհրդակցություն: Նիստը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը հրավիրված էին նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզիկական կուլտուրայի և նախնական զինվորական պատրաստություն առարկաների ուսուցիչներ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հ. Ալեքսանյանը դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի և նախնական զինվորական պատրաստություն առարկաների ուսուցման և դասապրոցեսի լիարժեք կազմակերպման խնդիրներին անդրադառնալով, նշեց, որ վարչության կողմից ուսումնասիրվել են մարզի տարածքում նշված առարկաների լիարժեք ուսուցմանն ու կազմակերպմանն առնչվող խնդիրները, որոնց լուծման համար իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ:
Մարզպետ Ս. Խաչատրյանը, անդրադառնալով քննարկվող հարցերին և վեր հանված խնդիրներին, կարևորեց ուսուցչի անհատական վերաբերմունքն ու նվիրումը.
<< Այսօր հանրակրթական դպրոցում իրականացվող ֆիզիկական դաստիարակությունը մի ամբողջական համակարգ է, որտեղ երեխան դաստիարակվում ու կրթվում է սպորտի հայ մեծանուն վարպետների հաղթանակների և նվաճումների ճանաչողության, առողջ ապրելակերպի կարևորության ընկալման միջոցով: Դպրոցում նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցումը մեր պետության քաղաքացիական պաշտպանության կազմակերպման կարևոր օղակներից է: Պետք է լուրջ վերաբերվել նշված առարկաների ուսուցմանը, քանի որ խոսքը գնում է մեր պետության համար համակողմանի զարգացած քաղաքացու և հայոց բանակում ծառայելուն նախապատրաստվող, մեր սահմանների ապագա պաշտպան զինվորի մասին>>:
Կարևորելով դպրոցում դասավանդվող բոլոր առարկաները, մարզպետը նշեց.
<<Ես հանձնարարել եմ պարոն Ալեքսանյանին, ներկայացնել դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերում մասնակցությամբ և ցուցանիշներով աչքի ընկած դպրոցների ցանկը, որոնք կարժանան խրախուսանքի>>:
Մարզպետ Ս. Խաչատրյանն հայտնեց, որ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին աշակերտների մասնակցության կազմակերպման համար մարզպետարանը կապահովի անհրաժեշտ բոլոր պայմանները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով իրականացվող դպրոցաշինական ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքին, դպրոցների ջեռուցման հետ առնչվող հարցեր:
Նման խորհրդակցություններ տեղի կունենան նաև Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում: