Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐ Ա. ԵՐԻՑՅԱՆԸ

01.04.2015

Մարտի 31-ին աշխատանքային այցով ՀՀ Սյունիքի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Մարտի 31-ին նախարար Ա. Երիցյանը և մարզպետ Ս. Խաչատրյանը շրջայց են կատարել մարզի` խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված Հարժիս, Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Տանձատափ, Սվարանց և Քաշունի գյուղական համայնքներում:
Հանդիպումների ընթացքում, նախարարը, զրուցելով համայնքների ձեռքբերումների շուրջ, նկատել է, որ լավագույն դեպքում դրանք առավելապես վերաբերում են դպրոցական շենքերի մասնակի նորոգմանը, կաթի ընդունման կետի առկայությանը: Իսկ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գյուղական համայնքների ճանապարհների բարեկարգումը, գազաֆիկացումը, խմելու և ոռոգման ջրամատակարարման լիարժեք ապահովումը տարիներով լուծման սպասող խնդիրներ են:
Խոսելով համայնքների խոշորացման ծրագրի կարևորության մասին` որպես առկա խնդիրների լուծման հրամայական պահանջի, Ա. Երիցյանը պարզաբանեց.
-Այսօր խոշորացման ճանապարհով համայնքների խնդիրներին լուծում է տրվում ողջ աշխարհում: Մեր կողմից մանրակրկրտ ուսումնասիրվել է այդ ծրագրի իրականացման եվրոպական երկրների, մեր հարևան հանրապետությունների փորձը: Մեր հանրապետությունում առկա է 866 գյուղական համայնք, որոնցից 40-ում դպրոցական շենք չկա, իսկ 10-ում առկա են, բայց չեն գործում աշակերտներ չլինելու պատճառով: Խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքի երեխաները պետք է ստանան որակյալ և համակողմանի կրթություն, խոսքը ոչ միայն հանրակրթական դպրոցների, այլև երաժշտական և մարզադպրոցներում կրթվելու հնարավորության մասին է:
Մարզպետ Ս. Խաչատրյանը համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց համայնքների միավորման առանձին դրույթներ, նշելով`
-Սա պիլոտային ծրագիր է, իսկ դա նշանակում է, որ եթե չարդարացնի, ուրեմն շարունակություն չի ունենա: Գյուղական համայնքների ճանապարհների բարեկարգման, գազաֆիկացման, դպրոցների, մշակույթի պալատների հիմնանորոգման, խմելու և ոռոգման ջրամատակարարման լիարժեք ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուր են արտասահմանյան ներդնողները, որոնք պատրաստ են կատարել այդ ներդրումները միայն խոշորացման ծրագրի իրականացման պարագայում:
Խոշորացման ծրագրում ընդգրկված համայնքներում շրջելուց հետո Ս. Խաչատրյանը և Ա. Երիցյանը այցելել են Մեղրիի տարածաշրջան, ծանոթացել կառուցվող բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին, հանդիպել Ագարակ և Մեղրի համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են համայնքներում առկա խնդիրները, դրանց հաղթահարման ուղիներն ու ձեռնարկվելիք միջոցները:
Ապրիլի 1-ին ժամը 10.00-ին նախարար Ա. Երիցյանը, մարզպետ Ս. Խաչատրյանը և Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը մասնակցեցին Սյունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը: ՃԿԿ-ի աշխատանքային օպերատիվությունը ստուգելու նպատակով նախարար Երիցյանը տեղում անձամբ կապ հաստատեց Լոռու մարզի և Երևանի փրկարարական վարչությունների հետ, վերջիններս զեկուցեցին նախարարին օպերատիվ իրավիճակը: ՏԿԱԻ նախարարի հանձնարարականով, ամեն օր, առավոտյան 8:30-ի դրությամբ ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալները զեկուցվելու են Սյունիքի մարզպետին և Կապանի քաղաքապետին:
Սյունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման արարողությունից հետո նախարար Ա. Երիցյանը մասնակցել է Սյունիքի մարզի խորհրդի նիստին: Նիստը վարում էր մարզպետ Ս. Խաչատրյանը:
Նիստին զեկուցումներով հանդես եկան ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Ս. Դավթյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Է. Մարտիրոսյանը, հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մ. Կոստանդյանը, իրավաբանական բաժնի պետ Կ.Կոզմանովը: Նրանց ուղղված ոլորտային հարցերից բացի ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարն առաջարկեց տեսակետներ հայտնել նաև համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ, նշելով, որ պետական կառավարչական մարմնի ներկայացուցիչները պետք է իրազեկ լինեն իարկանացվող ծրագրի մանրամասներից, հանդես գան առաջարկներով:
Կապանի, Մեղրիի քաղաքային համայնքների և Քարահունջի գյուղական համայնքի ղեկավարների զեկույցները լսելով, նախարարը նշեց, որ այսուհետ համայնքի ցանկացած խնդիր պետք է ներկայացվի, կոնկրետ ծրագրի և  հիմնավորված հաշվարկների տեսքով, դրանք անհրաժեշտության դեպքում համապատասխան ֆինանսավորում իրականացնող միջազգային կառույցներին ներկայացնելու համար:
Իր ելույթում Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ս. Խաչատրյանին մարզում կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետ իրականացման համար:
Անդրադառնալով համայնքների խոշորացմանը, նախարարը նշեց.
-Կարևոր է ձեր վերաբերմունքն ու ընկալումը իրականացվող ծրագրի վերաբերյալ: Այն տեսանելի է դարձնում տարիներով խորացող և լուծում չստացող խնդիրների հաղթահարումը: Մայիսի 19-ի հանրաքվեն թեպետ և խորհրդատվական է, բայց Հայաստանի Հանրապետության նախագահի պահանջով  պետք է մեր կողմից իրականացվեն անհրաժեշտ բացատրական աշխատանքներ, որպեսզի գյուղացին լիարժեք ընկալի և հասկանա իրականացվող փոփոխությունների առավելություններն ու օգտակարությունը: Ես կարևորում եմ անմիջական շփումը համայնքային այցելությունների շրջանակում, դրանք պարբերական բնույթ կկրեն:
Մարզպետ, Ս. Խաչատրյանը, եզրափակելով նիստը նշեց.
Իրականացնելով կառավարության տարածքային քաղաքականությունը մարզում, մենք հանդես ենք գալիս որպես մեկ թիմ` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ:  Ես շնորհակալություն եմ հայտնում նախախարից այս այցելության, մարզում առկա խնդիրների լուծմանն ուղղված պատրաստակամության և վճռականության համար: Վստահ եմ համատեղ ջանքերով հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ կտանք մեր առջև դրված խնդիրներին, որոնց դրական արդյունքները իրենց երկար սպասել չեն տա:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24