Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՆՐԻԵԹ ԱՐԵՆՍԻՆ

08.04.2015

 Ապրիլի 7-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (unicef) ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, unisef-ի երեխաների պաշտպանության բաժնի պետ Ա. Հարությունյանին, <<Հույսի Կամուրջ>> հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ղեկավար Ս. Թադևոսյանին, ծրագրի համակարգող Հ. Նազարեթյանին, Երևանի բժշկահոգեբանական մանկավարժական կենտրոնի տնօրեն Վ. Կատինյանին:  Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզում ներառական կրթության ներդրման հետ կապված իրականացվող աշխատանքների ընթացքն ու առնչվող խնդիրները:
 Խոսելով իրականացվող ծրագրերի մասին և ներկայացնելով Գորիս և Սիսիան քաղաքային համայնքների հատուկ դպրոցներում իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը` Հ. Արենսը մասնավորապես նշեց.
 -Այդ դպրոցներում իրականացված պրակտիկան ու հաջող փորձը պետք է կարողանանք կիրառել նաև Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման և ընթացիկ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ապահովել լայն համագործակցություն` կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ:
 <<Հույսի Կամուրջ>> հասարակական կազմակերպության ղեկավար Ս. Թադևոսյանը հայտնեց, որ կրթության ազգային ինստիտուտի հետ միասին մայիս ամսից կսկսվեն ներառական կրթության ուսուցիչների վերապատրաստումներ, ուսուցչի օգնականի ինստիտուտը դպրոցներում ներդնելու համար:
 Մարզպետ Ս. Խաչատրյանը հայտնելով իր աջակցությունն, ընդգծեց.
 -Դպրոցը զգայուն և պետականության հենք հանդիսացող կառույց է: Ցանկացած ոչ ճիշտ մոտեցում կբերի հետևանքներ, որոնք իրենց դեռ երկար զգացնել կտան: Պետք է զերծ մնանք հնարավոր բացթողումներից և կարողանանք աշխատանքներն իրականացնել այնպես, որ սերունդների ապագա հաջողություններն ու կյանքում իրենց տեղը գտնելը հավասարապես դյուրին լինի բոլորի համար: Կարծում եմ` համատեղ ջանքերով կկարողանանք նվազագույնի հասցնել մարզի կրթական համակարգում այս նորամուծությունների հետ կապված աշխատատեղերի հնարավոր կրճատումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24