Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԵՂՐԻԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՇՎԱՆԻՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ

21.04.2015

Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Մեղրիի տարածաշրջանի Շվանիձոր գյուղական համայնքում  տեղի ունեցավ դարասկզբի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի բացման արարողություն: Ապրիլի 18-ին համայնք էին այցելել Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության , մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, Մեղրիի և Ագարակի քաղաքապետերը, հարյուրավոր շվանիձորցիներ, հյուրեր:Մոսկվայաբնակ շվանիձորցի գործարար Սարո Արսենյանի հովանավորությամբ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցին մասնակի նորոգվել է,նրա բակը բարեկարգվել և կառուցապատվել, որտեղ էլ տեղադրվել է խաչքար-հուշակոթողը:
Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն օրհնեց Սյունյաց թեմի եկեղեցական դասը՝ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, Մեղրիի և Քաջարանի տարածաշրջանների հոգևոր հովիվներ Ռաֆայել քահանա Խաչիկյանը և Շիրակ քահանա Խանոյանը: Այնուհետև հանդիսության մասնակիցները տեղափոխվեցին գյուղի մշակույթի տան դահլիճ, որտեղ տեղի ունեցավ օրվա խորհրդին պատշաճող հանդիսություն: Շվանիձորի համայնքապետ Հովհաննես Օհանյանն իր ելույթում պատմական անդրադարձ կատարեց գյուղի  անցյալին, խոսեց նախորդ դարասկզբի հայ ժողովրդին պատուհասած եղեռնի մասին, նաև արժանին մատուցեց մոսկվայաբնակ շվանիձորցի Ս. Արսենյանին Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնելու նրա հովանավորության համար: Համայնքի ղեկավարը Ս. Արսենյանին, եկեղեցու բակի բարեկարգման և խաչքարի տեղադրման աշխատանքների կազմակերպիչ Արթուր Հովհաննիսյանին և գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Ա. Ավետիսյանին շնորհակալագրեր հանձնեց:
Իրենց խոսքում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչեցին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը, Ա. Ավետիսյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> հասարակական կազմակերպության Սյունիքի մարզի համակարգող Ա. Սահակյանը, գյուղի կրթօջախի տնօրեն Ա. Զաքարյանը, վաստակաշատ մանկավարժ Դ. Թորոսյանը, Մեղրիի տարածաշրջանի զինկոմ Դ. Անանյանը, ՀՀ պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետի տեղակալ Ն. Հայրապետյանը:
Միջոցառումների շարքը եզրափակվեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրական-երաժշտական համադրույթով:Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Հ. Արիստակեսյանը կատարեց Կոմիտասի մշակած երգերից, Շվանիձորի դպրոցի աշակերտները հանդես եկան ասմունքով, Ագարակի արվեստի դպրոցի սաները հանդիսականին ներկայացրեցին երաժշտական և պարային կատարումներ: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 12:36:40