Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.04.2015

Հարյուր տարի անց էլ հայոց ազգային վերքը չի սպիացել, քանզի դա անամոքելի է:
Հարյուր տարի անց էլ Հայոց ցեղասպանության հետեւանքները չեն վերացել, եւ մեր պահանջատիրությունը շարունակում է չլուծված մնալ:
Այսօր էլ չենք կարող անհույզ եւ անվրդով չհիշել հայ ժողովրդի բազմադարյան պատմության այն էջը, որ անվանում ենք Հայոց ցեղասպանություն, որի հետեւանքով ոչ միայն մեկուկես միլիոն հայ թուրքական յաթաղանի զոհ դարձավ, այլեւ հայրենազուրկ եղանք:
Հայոց ցեղասպանության տարիներին եւ հատկապես 1915թ. ու դրան հաջորդող ժամանակաշրջանում Սյունիքը եղավ այն հուսալի եւ ապահով օջախներից մեկը, որտեղ հանգրվանեցին եղեռնից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր գաղթականներ ու որբեր: Նրանցից շատերն ընդմիշտ մնացին Սյունիքում, մերվեցին տեղի բարքերին, ճյուղավորվեցին եւ ահա, որերորդ սերունդն է, նվիրումով մասնակցում են մեր լեռնաշխարհի ընթացքին, Սյունյաց աշխարհը համարում իրենց բնօրրանը:
Չենք կարող չհիշել կամավորական եւ ցարական բանակին զինվորագրված սյունեցիներին, ովքեր 1914-1918թթ. հերոսաբար կռվում էին հանուն Երկիր Նաիրիի ազատության:
Անհնար է չհիշել ականավոր սյունեցիներին, ովքեր արեւմտահայության ազատամարտի կազմակերպման եւ գաղթականության կյանքի ու անվտանգության ապահովման գործում, նաեւ Հայ դատի համար պայքարում բացառիկ դեր խաղացին` Պողոս փաշա Նուբարյան, Արամ Մանուկյան, Փարամազ (Մատթեոս Սարգսյան), Ներսես Մելիք-Թանգյան, Ակնունի (Խաչատուր Մալումյան) եւ ուրիշներ:
Մեծ եղեռն վերապրած հայի ճակատագիրը հետագայում էլ եղավ նշանավոր սյունեցիների մտահոգության առարկան: Բավական է հիշել թեկուզ եւ Ակսել Բակունցի անզուգական <<Ծիրանի փողը>> պատմվածքը, Սերո Խանզադյանի <<Խոսեք, Հայաստանի լեռներ>> վեպն ու <<Մեռելները հիշում են>> վիպակը, մեծն Նիկողայոս Ադոնցի Հայոց ցեղասպանությանը եւ առհասարակ Հայ դատին նվիրված բացառիկ ողջամիտ ուսումնասիրություններն ու հրապարակախոսական հոդվածները` առայսօր իրենց արդիականությունը պահպանող:
Տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության տարելիցները նշելիս կամ 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունները հիշելիս Սյունիքում հպարտությամբ հիշել ենք այդ ժամանակաշրջանի ինքնապաշտպանական կռիվների հերոսներին: Նրանց սխրանքը եղել եւ մնում է ոգեշնչման աղբյուր հետագա սերունդների համար:
Պատահական չէ, որ Արցախյան պատերազմի օրերին ճակատամարտ մեկնող ազատամարտիկները երդվում էին հենց նրանց հուշարձանների մոտ, իրենց ջոկատները կոչում նրանց անուններով:
Պատահական չէ, որ Սյունիքի մի շարք վայրերում ժամանակին կանգնեցվել են այդ կռիվների առասպելական կազմակերպիչների հուշարձանները` Մեղրիում` Փարամազինը, Կապանում` Արամ Մանուկյանինը, Գարեգին Նժդեհինը, Գորիսում` Անդրանիկինը, Գարեգին Նժդեհինը, Խաչատուր Մալինցովինը, Յապոնինը (Հովհաննես Պարոնյան), Անգեղակոթում` Զորավար Անդրանիկինը:
Դրվատելի է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին, առաջին անգամ, ազգային այդ հիմնախնդրի վերաբերյալ ընդունվեց համայն հայության մոտեցումներն ընդհանրացնող, մեր անելիքները հստակեցնող փաստաթուղթ: Նկատի ունենք 2015թ. հունվարի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:
Տեսանելի է նաեւ հայոց քաղաքական մտքի կողմից նոր ռազմավարության եւ մարտավարության որդեգրումը Հայոց ցեղասպանության ճանաչման, հետեւանքների հաղթահարման ու պահանջատիրության հարցերում մեր անելիքների հստակեցումը, այդ ամենն իրականության եւ ողջախոհության ռելսերի վրա դնելը:
Այսօր, կարծեք, ազգովի գիտակցում ենք, որ դեռեւս շատ անելիքներ ունենք Հայոց ցեղասպանության հետեւանքները հաղթահարելու, պատմական այդ իրողությունն աշխարհում մինչեւ վերջ ճանաչելի դարձնելու, ազգային մեր պահանջատիրությանը լուծում տալու, Հայոց ցեղասպանության տարիների ինքնապաշտպանական կռիվները վերջնական ու գիտական գնահատականի արժանացնելու հարցերում:
Թուրքական ժխտողականության պայմաններում այդ աշխատանքները հետեւողականություն եւ նպատակասլացություն են պահանջում, գիտական ու հասարակական բոլոր օղակների ջանքերի մեկտեղում:
Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր այն համոզմունքն ունենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ողջամիտ ուղին մեր նոր պետության` Հայաստանի Հանրապետության հզորացումն է: Հայոց հզոր եւ արժանապատիվ պետականությունն է հուսալի եւ անգերազանցելի գրավականն այն բանի, որ երբեք ու ընդմիշտ հայ ժողովուրդն այլեւս ողբերգությունների մեջ չհայտնվի, որ Հայ դատի լուծումը հասնի ցանկալի հանգրվան: Միայն ու միայն հզոր եւ արժանապատիվ հայոց պետության հետ աշխարհը կարող է հաշվի նստել ե'ւ ցեղասպանության ճանաչման, ե'ւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման ու պահանջատիրության հարցերում:
Ահա այսպիսի հավատամքով էլ նշում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, գլուխ խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր հայրենակիցների ու բոլոր այն հերոսների անհայտ եւ հայտնի շիրիմների առջեւ, ովքեր մեր պատմության դժվարագույն օրերին հերոսաբար գլխավորեցին հայ ժողովրդի ինքնապաշտպանական կռիվներն ընդդեմ թուրք եղեռնագործների:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 10:22:18