Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ
24.04.2015
Ապրիլի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոն Կապանում մասնակցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված համայնքային միջոցառումներին: Ներկա էին մարզպետի օգնական Վ. Դավթյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության նախագահ Ռ. Սարգսյանը, Սյունիքի առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանը, գնդապետ Կ. Սերոբյանը, փոխգնդապետ Մ. Վարդանյանը, տանկային զորամասի հրամանտար, փոխգնդապետ Զ. Բժշկյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի ողջ անձնակազմը, մարզային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ: Միջոցառումն սկսվեց երթով: Երթի մասնակիցները Գ. Նժդեհի հրապարակից շարժվեցինն Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ: Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանն անցկացրեց հոգեհանգստի արարողություն, որին հետևեց 100 մանկավարժներից կազմված երգչախմբի ելույթը:
Մարզպետ Ս. Խաչատրյանը և Կապան համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանը մասնակցեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի հիմնարկեքին:
Պատասխանելով լրագրողների հարցերին` մարզպետը մասնավորապես նշեց.
-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կարևորագույն ձեռնարկումներից է համահայկական հռչակագիրը` հռչակված 2015 թվականի հունվարի 29-ին և ներկայացված համայն աշխարհին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Մեծ տերությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին պատասխանատվություն է հենց իրենց խղճի առաջ: Մեր խնդիրը հզոր լինելն է: Ցավն ու վիշտը վաղեմություն չունեն, 100 տարի, թե 200` ես չեմ կարծում, որ տարիները հային մոռացություն կամ անտարբերություն կբերեն:
Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում անցկացվեց ոգեկոչման երեկո, որի ընթացքում Եղեռնի իրագործման, պատճառահետևանքային կապերի ուսումնասիրությամբ հանդես եկավ պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Ա. Հակոբյանը: Սյունիքում 1915 թվականին տեղի ունեցած պատմական իրադարձությունների պատկերը ներկայացրեց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գ. Սմբատյանը:
Կապան համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանը պարգևատրեց և նվերներ հանձնեց քաղաքապետարանի կողմից կազմակերպված, Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ասմունքի, շարադրության, գեղանկարչության, դերասանական արվեստի մրցույթում հաղթող աշակերտներին:
Սիրելի’ հայրենակիցներ.
-Հարյուր տարի առաջ` 1915 թվականի ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայում նոր և վճռական փուլ թևակոխեց հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը պետական մակարդակով ծրագրված իրականացվում էր 19-րդ դարավերջից և շարունակվեց մինչև 1920-ական թվականները:
Այսօր գլուխ ենք խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր նահատակ հայրենակիցների, ինչպես և բոլոր հայորդիների շիրիմների առջև, ովքեր մեր պատմության դժվարագույն այդ օրերին գլխավորեցին հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ մղվող անհավասար պայքարում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ականատես եղանք իրադարձությունների, մաքուր և սրբազան արարողությունների, որոնք ըստ պատշաճի, ոգեկոչեցին 20-րդ դարասկզբին նահատակված մեր հայրենակիցներին, աշխարհով մեկ նորովի պարզեցին մեր արդար պահանջատիրության դրոշը և մեզ կանգնեցրին համազգային համախմբումի և վերելքի միանգամայն նոր դիրքերում:
Հիշատակման արժանի է հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը` 2015 թվականի հունվարի 29-ին հռչակված և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից համայն աշխարհին ներկայացված:
Պատմական բացառիկ իրադարձություն էր Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կազմակերպած Սուրբ պատարագը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Ուշագրավ էր Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խորհրդավոր ծիսակարգը, որին ականատես եղանք երեկ, որի ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերը թագադրվեցին Սրբության պսակով:
Երեկ` Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման պատարագի ժամանակ, հուզմունքով ու հպարտությամբ էինք լսում մեր հոգևոր առաջնորդներին, ովքեր հիշատակեցին Հայ առաքելական եկեղեցու վերջին երեք սրբերին, երեքն էլ` Սյունիքից` Հովհան Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի, Մովսես Տաթևացի (Խոտանանցի):
Դա ևս մեկ անգամ վկայեց, որ Սյունիքը ոչ միայն նվիրական սրբավայր է հայ ժողովրդի համար, այլև հայոց անկախ պետականության հիմնասյուներից է:
Անհնար է չհիշել ականավոր սյունեցիներին, ովքեր արևմտահայության ազատամարտի կազմակերպման և գաղթականության կյանքի ու անվտանգության ապահովման գործում, նաև Հայ դատի համար պայքարում բացառիկ դեր խաղացին` Պողոս փաշա Նուբարյան, Արամ Մանուկյան, Փարամազ (Մատթեոս Սարգսյան), Ներսես Մելիք-Թանգյան, Ակնունի (Խաչատուր Մալումյան) և ուրիշներ:
Հայոց ցեղասպանության տարիներին և հատկապես 1915թ. ու դրան հաջորդող ժամանակաշրջանում Սյունիքը եղավ այն հուսալի և ապահով օջախներից մեկը, որտեղ հանգրվանեցին եղեռնից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր գաղթականներ ու որբեր: Նրանցից շատերն ընդմիշտ մնացին Սյունիքում, մերվեցին տեղի բարքերին, ճյուղավորվեցին և ահա, որերորդ սերունդն է, նվիրումով մասնակցում են մեր լեռնաշխարհի ընթացքին, Սյունյաց աշխարհը համարում իրենց բնօրրանը:
Մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Կապան համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանին Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ և մասշտաբային կազմակերպման համար:
Ոգեկոչման արարողությունն ավարտվեց Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանի օրհնությամբ և աղոթքով: