Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է <<Տաթև>> ազգային պարկի և Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային հանդիպմանը

30.04.2015

Ապրիլի 28-ին Երևանում  տեղի ունեցավ <<Տաթև>> ազգային պարկի և Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների և շահագրգիռ տարբեր կառույցների՝ պետական մարմինների, մարզային իշխանությունների, հասարակական և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ծրագրերի հիմնական նպատակն է Տաթևի տարածաշրջանում ստեղծել ազգային պարկ, որը կապահովի տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։ Ծրագրերի շրջանակում կիրականցվեն նաև աշխատանքներ <<Սատանի կամուրջ>> բնության հուշարձանի բարեկարգման և կառավարման բարելավման ուղղությամբ։
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով նոր ազգային պարկի ստեղծման նախաձեռնությունը, նշեց. <<Նախատեսվող <<Տաթև>> ազգային պարկի տարածքը բնութագրվում է հարուստ և եզակի մշակութային և բնական ժառանգության վայրերով, ինչի շնորհիվ տարածքը դարձել է Հայաստանում զբոսաշրջության առանցքային վայրերից մեկը: Ազգային պարկի ստեղծումը ոչ միայն կապահովի այդ տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը, այլ նաև կխթանի զբոսաշրջության հետագա զարգացումը, ինչպես նաև կնպաստի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հաջողություն մաղթելով ծրագրերի իրականացմանը` ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է արդյուանվետ համագործակցել ծրագրերի իրականացման հետ կապված բոլոր հարցերում»:
<<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> (IDeA) հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը նշեց, որ ծրագիրը կարևոր նշանակություն ունի IDeA-ի համար. <<Հիմնադրամը փորձում է Հայաստանում և Արցախում իրականացվող բոլոր ծրագրերն անպայման զուգակցել բնապահպանական բաղադրիչի հետ: Այդ իմաստով, այս ծրագիրն առաջինն է մեզ համար, և կարևորում ենք դրա հաջող իրականացումը>>:
Նա նկատեց, որ բացառիկ համագործակցության ձևաչափ է ստեղծվում, երբ հասարակական կազմակերպությունները, պետական մարմինների, տեղական և տարածքային կառավարման մարմինների հետ, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նման ծրագրեր են կյանքի կոչում: <<Համոզված եմ, որ այս ձևաչափը կարող է օրինակ ծառայել տարածաշրջաններում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար>>,- ընդգծեց նա:
Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը նշելով, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է ծրագրերի իրականացմանը, գոհունակություն հայտնեց,որ բացի կենսաբազմազանության պահպանությունից, ծրագիրը նաև նպաստելու է համայնքների զարգացմանը: Նա հետագա հաջողություններ մաղթեց ծրագրի իրականացմանը՝ կարևորելով ներգրավված բոլոր կողմերի միջև սերտ համագործակցությունը:
WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, շնորհակալություն հայտնելով <<Տաթև>> ազգային պարկի ստեղծման նախաձեռնությանն աջակցող բոլոր կազմակերպություններին, նշեց. <<Հարավային Հայաստանը կենսաբազմազանության տեսանկյունից հանրապետության ամենահարուստ տարածաշրջանն է: Ծրագրի գործողությունները պլանավորված է իրականացնել Հայաստանի երկու ուշագրավ տարածքներում` դիտարժան Որոտանի կիրճի շրջակայքում և Վայոց Ձորի լեռներում, որտեղ տեղակայված է երկրի բնական և մշակութային հարուստ ժառանգություն: Համայնքային բնապահպանական տարածքների ստեղծումը կօգնի հակազդելու բնական ռեսուրսների անկայուն օգտագործման բացասական հետևանքներին, ՀԲՏ-ի մոդելները կմշակվեն` հիմք ընդունելով էկոհամակարգային ծառայությունները, որոնք հանգեցնում են կենսաբազմազանության պահպանմանը և տեղական համայնքների լրացուցիչ եկամտի աղբյուրներին` արդյունավետ կառավարվող պահպանվող տարածքների, էկոտուրիզմի, ապրանքների մշակման և շուկայահանման, արոտավայրերի և կենսամիջավայրերի մասնակցային կառավարման միջոցով>>:
Կարեն Մանվելյանի և <<Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում>> ծրագրի համակարգող Վասիլ Անանյանի կողմից ծրագրերի մանրամասները ներկայացնելուց հետո, շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ մասնակիցների միջև:
Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Տաթև համայնքում հիմնել տեղական արտադրանքի մթերման, պիտակավորման, փաթեթավորման և պահեստավորման կետ, որը կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով, կստեղծվեն էկոտուրիզմի ենթակառուցվածքներ, այդ թվում՝ տեղեկատվական կենտրոն Տանձատափ համայնքում:
Ծրագրերը ֆինանսավորում են <<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> (IDeA) հիմնադրամն ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ) և իրականացվելու են WWF-Հայաստանի կողմից՝ սերտորեն համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ։

Աղբյուրը` <<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:49:29