Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

08.05.2015

Սիրելիՙ սյունեցիներ,
Հպարտությամբ ու առանձնակի սիրով շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար թանկ է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով և Շուշիի փառապանծ ազատագրմամբ:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին վեց հարյուր հազար հայեր կռվել են ֆաշիզմի դեմ՝ բարձր պահելով հայ ռազմիկի և հայ ժողովրդի պատիվն ու անունը: Հանուն հաղթանակի և խաղաղության երեք հարյուր հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում՝ ապահովելով հայ ժողովրդի անվտանգ գոյությունը:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի ավանդն են ներդրել նաև Սյունիքի զավակները: Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրիի շրջաններից պատերազմին մասնակցել է քսան հազար հայորդի: Մարտերում ցուցաբերած բացառիկ խիզախության համար 12 սյունեցի արժանացել է Խորհրդային Միության հերոսի, յոթը՝ գեներալի կոչման:
Սյունիքի զավակներն իրենց կատարած սխրանքներով ու արիությամբ աչքի են ընկել բոլոր ռազմաճակատներում և զորատեսակների կազմում:
Սյունեցիները իրենց սխրանքներով աչքի ընկան ոչ միայն ռազմաճակատում, այլև հաղթանակին նպաստեցին թիկունքում կատարած իրենց հերոսական աշխատանքով:
Պատերազմում հաղթանակած հերոսների օրինակով դաստիարակված երիտասարդ սերունդը հանձն առավ կերտելու մեր ինքնիշխան պետությունը:
Անկախ Հայաստանի Հանրապետության նորօրյա պատմության մեջ մարտնչող ազգի ոգու ու հաղթանակների պսակը Շուշիի ազատագրումն էր: Այդ հաղթանակն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ հայն իր պատմական հայրենիքը պաշտպանելու աներեր կամք ունի և վաստակեց անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունք:
Արցախյան պատերազմում տարած հաղթանակն այդքան փառահեղ չէր լինի, եթե զենք չվերցներ ազգի ճակատագրով մտահոգ երկրապահը: Մայիսի 8-ին մեր ժողովուրդը երախտապարտ շնորհակալությամբ նշում է նաև Հայաստանի երկրապահ կամավորների միության օրը:
Մայիսը հավերժորեն մտել է մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ, դարձել անցած ճանապարհի ուղեցույց և գալիք պայքարների ոգեղեն հիմք:
Սյունեցիներն իրենց գլուխն են խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով ու հերոսացմամբ մեզ պարգևել են մայիսյան հաղթանակներ ու խաղաղություն:
Խոնարհվում եմ մայիսյան հաղթանակներ կերտած և մեզ խաղաղություն պարգևած հերոսների անմար հիշատակի առջև:
Փա՜ռք մեր հերոսներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:51:21