Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆԱՍՆԱՇՈՒԿԱՅԻ ԲԱՑՈՒՄ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

16.05.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մոտ կառուցված անասնաշուկայի բացմանը: Ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան L. Գասսերը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վ. Տերտերյանը, Ռազմավարական Զարգացման Գործակալության ղեկավար Մ. Այվազյանը, փոխմարզպետ Վ. Դավթյանը, Գորիս քաղաքային համայնքի ղեկավար Վ. Ադունցը, գյուղական համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերներ:
Անասնաշուկան կառուցվել է Ռազմավարական Զարգացման Գործակալության կողմից, որը ֆինանսավորում է Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության գործակալությունը: Այն նպատակ ունի խթանել խոշոր եղջերավոր անասունների առևտուրը Սյունիքի տարածաշրջանում:
Սյունիքի և Վայոց Ձորի տարածաշրջաններում գործող անասնապահական շուկան կառուցվել է <<Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում>> նախագծի շրջանակներում: Այն հնարավորություն կտա ֆերմերներին բերել մեկ միասնական կազմակերպված շուկա և բարենպաստ պայմաններ ստեղծել կողմերի համար՝ իրականացնելու անասունների առքուվաճառքի առևտրային գործարքներ: Կկիրառվեն առևտուրը խթանելու ավելի նոր մեթոդներ, որոնք կնպաստեն ֆերմերների կարողությունների զարգացմանը` նրանց անընդհատ մատուցելով գործարար աջակցություն, տեղեկատվական խորհրդատվություն:
Անասնաշուկա-համալիրի տարածքում շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ադմինիստրատիվ-գործարար բաժնի, դեղանյութի և ագրովաճառակետ ցուցասրահների, հանրային սննդի սրահների հնարավորություններն ու նպատակային գործառույթները:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վ. Տերտերյանը, խոսելով կատարված աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի կառավարությանը Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և զարգացման ուղղվածություն ունեցող երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար` հավելելով.
-Գնահատելի է նաև Սյունիքի մարզպետարանի հետևողականությունն ու ակտիվ համագործակցությունը, գյուղապետերի ճիշտ աշխատանքը, ինչի շնորհիվ աշխատանքները կատարվել են որով և ավարտվել նախատեսված ժամկետներում:
Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան L. Գասսերը նկատեց, որ Սյունիքը շատ նման է իր հայրենիքին` Շվեյցարիային:
-Ինձ համար մեծ հաճույք է լինել Սյունիքիում, որտեղ գեղեցիկ լեռներ կան, որտեղ ապրող մարդիկ հպարտ են և հայտնի են որպես լավ զինվորներ: Ես Սյունիքի և Շվեյցարիայի միջև մեծ նմանություններ եմ տեսնում. կարծում եմ իրականացվող ծրագրերը կխթանեն գյուղատնտեսության զարգացմանը: Մենք կշարունակենք համագործակցությունը, կիրականացնենք անասնապահության և գյուղմթերքի արտադրության խթանող ծրագրեր թիրախային 100 համայնքներում: Սյունիքի հաջող փորձը մեզ դրդեց ծրագիր սկսել նաև Վայոց ձորում: Շնորհավորում եմ բոլորիս անասնապահական շուկայի բացման կապակցությամբ,-ասաց դեսպանն իր խոսքում:
Մարզպետ Ս. Խաչատրյանը, խոսելով անասնաշուկայի կարևորության մասին, նշեց.
-Անասնապահական շուկայի բացումն անկասկած դրական խթան կհանդիսանա տարածաշրջանում անասնապահության զարգացման համար, ուստի երախտիքի խոսք եմ ուզում փոխանցել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Լուկաս Գասսերի: Շվեյցարիայի կառավարության և նրա ֆինանսական զորակցությամբ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար և զարգացման ծրագրերին նոր չէ, որ ծանոթանում ու գնահատում են սյունեցիները: Միայն վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել են այնպիսի մեծածավալ ծրագրեր, ինչպիսիք են անասնապահության զարգացման ծրագրերը Գորիսի և Սիսիանի 40 համայնքներում , <<Շուկաներ Մեղրիի համար>>, <<Սոցիալական տուն աջակից պայմաններով>> ծրագրերը. վերջինիս արդյունքում Գորիսում փախստականների համար կառուցվեց 22 բնակարանոց շենք: Միայն նշված ծրագրերը կյանքի կոչելու համար ներդրվել է շուրջ 2 մլրդ դրամ: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է ունենալու և դրա արդյունքում լուծում են ստանալու համայնքներում ծառացած բազում խնդիրներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00