Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

28.05.2015

Սիրելի սյունեցիներ,
Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առիթով: 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ Ապարանում հայ ժողովուրդն ազգովի՝ հոգևորականով ու զինվորականով, պաշտոնյայով ու շինականով կերտեց իր պատմական հաղթանակն ու անկախ պետականությունը: Եվ ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ իր բազմադարյա պատմությանը կարող է մի նոր արժեք տալ սխրանքներով ու անկախ ինքնիշխան պետականության կառուցմամբ:
Անկախ հանրապետության հռչակումը հայ ժողովրդին հնարավորություն տվեց կերտել իր ապագան և ապացուցեց, որ հայն օժտված է մտածելու, արարելու, կառուցելու և պատմական հարատև ընթացքի մեջ իր ուրույն տեղը պահպանելու աստվածատուր շնորհով: Չենք մոռացել, որ առաջին հանրապետությունը նաև գաղթականության ու կիսամեռ որբերի, սովի ու համաճարակների, թուրքերի կողմից անընդհատ հարձակումների երկիր էր և իր գոյության ողջ ընթացքում ստիպված էր մաքառել ու հերոսությամբ պաշտպանել իր անկախությունը: Հայաստանի պետականությունը մեր ժողովուրդը կերտում էր ու պաշտպանում մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով, արյամբ ու հավատով:
Սյունյաց անպարտելի աշխարհը մայիսի 28-ից հետո էլ ստիպված էր զենքը ձեռքին պայքարել, պաշտպանել Հայաստանի Հանրապետության կազմում հայեցի ապրելու իր իրավունքը: Առաջին հանրապետությունն իր կարճ, սակայն բովանդակալից գոյությամբ մեր ժողովրդի համար հանդիսացավ վերածննդի ու պետականաշինության խորհրդանիշը:
Կրկին շնորհավորում եմ Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում խաղաղություն և ամուր պետականություն:

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11