Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱԼԻՁՈՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ <<ՈՉԽԱՐՆԵՐԻ ԽՈՒԶՈՒՄ>> ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ

06.06.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 6-ին մասնակցեց <<ՏաԹևեր>> ճոպանուղու <<Հալիձոր>> կայանի հարակից տարածքում անցկացվող <<Ոչխարների խուզում>> փառատոնին, որի հիմնական նախաձեռնողը <<Տաթևի վերածնունդ>> ծրագիրն իրականացնող <<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> (IDeA) հիմնադրամն է:
Արդեն երկրորդ անգամ անցկացվող փառատոնի հիմնական նպատակը Տաթևը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն է եւ <<Տաթեւի վերածնունդ>> ծրագրում ընդգրկված ինը համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը նպաստելը:
Բացի ոչխարների խուզման հետաքրքրաշարժ մրցույթից ու մրցանակաբաշխությունից, փառատոնի ընթացքում կազմակերպվեցին նաև տարբեր միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, մարզական մրցույթներ, ազգային և՝ կոնկրետ տարածաշրջանին բնորոշ ուտեստների համտես, ազգային տարազներով լուսանկարահանում՝ <<Մարաշլյան>> ֆոտոստուդիայի կողմից:
<<Տաթևի վերածնունդ>> ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր համայնք ներկայացել էր առանձին տաղավարով՝ զբոսաշրջիկներին առաջարկելով սեփական արտադրանքը:
<<Այս փառատոնի, ինչպես նաև տարածաշրջանում իրականացվող IDeA հիմնադրամի մյուս նախաձեռնությունների գլխավոր նպատակը տարածաշրջանի համայնքների զարգացմանը նպաստելն է՝ հիմնականում զբոսաշրջության միջոցով: Այսպիսի միջոցառումները լավ հնարավորություն են, որպեսզի զբոսաշրջիկներն այցելեն Տաթև, հյուրընկալվեն համայնքներում գործող B&B դասի հյուրատներում, օգտվեն տեղի բարիքներից՝ այդ կերպ նպաստելով, որպեսզի համայնքներում ևս համապատասխան առաջարկներ ձեւավորվեն: Այս ամենից բացի, փառատոնը նաև հետաքրքիր միջոցառումն է, որը զբոսաշրջիկներին տեղի հետաքրքիր ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն է ընձեռում>>,-ընդգծել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը:
<<Այս փառատոնը մեր անկախ պետականության վերջին ժամանակաշրջանի նորածնունդ ավանդույթներից է, որի նպատակն է զարգացնել սյունյաց լեռնաստանոււմ դարերով պահպանված հայ ժողովրդի հինավուրց սովորույթները: Երկրի ու ժողովրդի տնտեսական զարգացման ապագան և գյուղմթերքներով ապահովումը այս անպարտելի ու գեղեցիկ լեռնաշխարհի հող ու ջրի մեջ է>>,-իր խոսքում նշել է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
<<Տաթևի վերածնունդ>> ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշեց, որ աշխատում են տարածաշրջանում գործող մոտ քսան B&B դասի հյուրատների հետ, աջակցություն և խորհրդատվություն է ցուցաբերվում, որպեսզի նրանք համապատասխան կարողություններ ստեղծեն և ի վիճակի լինեն պատշաճ որակի ծառայություններ մատուցել:
<<Փառատոնից ակնկալվող արդյունքը համայնքային տնտեսությունների զարգացումն է: Այսինքն, զբոսաշրջիկը, այսպես ասած, պետք է գա, վայելի փառատոնը ու տարբեր ծառայություններ ստանալով՝ գումար թողնի համայնքում: Մենք ուրախ ենք, որ շատ զբոսաշրջային ընկերություններ ոչխարների խուզման փառատոնն արդեն ներառում են իրենց առաջարկներում և ժամանակացույցերում>>,-նշել է Հայկ Թութունջյանը:
Ոչխարների խուզման մրցույթին նույնպես մասնակցում են «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված և տարածաշրջանի այլ համայնքների բնակիչներ: Ութ համայնքից ընտրված ինը մասնակիցները երեք փուլերով մրցեցին հաղթողի կոչմանն արժանանալու համար: Ժյուրին որոշեց հաղթողին՝ հաշվի առնելով խուզման տևողությունն ու որակը:
Առաջին տեղն զբաղեցրեց Վերիշեն համայնքից Սեյրան Մկրտչյանը, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար Շուռնուխ համայնքի բնակիչ Գարեգին Դալլաքյանը և Խոտ համայնքի բնակիչ Հրանտ Գալստյանը: Փառատոնի կազմակերպիչների կողմից հաղթողներին խրախուսական մրցանակներ շնորհվեցին:
Փառատոնը կազմակերպվում է <<Տաթևի վերածնունդ>>, <<Հայրենիքի զարգացման նախաձեռնություն>> հիմնադրամների և <<Ռազմավարական զարգացման գործակալություն>> ՀԿ -ի հետ համատեղ, գործընկերն է Գորիսում գործող Կանանց զարգացման <<Ռեսուրս Կենտրոն>> հիմնադրամը, հովանավորներն են <<Գոլդեն Գրեյփ Արմաս>> և Pepsi ընկերությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24