Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀՀ ՊՆ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 19-ԱՄՅԱԿԸ

20.06.2015

Հունիսի 20-ին Գորիսի Գրիգոր Տաթևացու հրապարակում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի կազմավորման 19-ամյակը, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը,մարզպետի խորհրդական Վ. Հովհաննիսյանը, Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
Իր ելույթում 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը նշեց, որ ժամանակի թելադրանքով ստեղծված զորամիավորումը տարիների ընթացքում կայացավ՝ ներկայումս պատրաստ լինելով դիմակայել ամեն մի փորձության: Նա շնորհակալություն հայտնեց ստորաբաժանումներին՝ արժանապատվության, անկոտրում կամքի և ձեռքբերումների համար,նաև շնորհավորեց 1-ին բանակային կորպուսի նախկին հրամանատարներին, ովքեր ներդրում են ունեցել կորպուսի կայացման գործում և մինչ օրս ավանդ են ներդնում հայ ժողովրդի անվտանգ ու խաղաղ արարման համար:
Սյունիքի մարզպետի խորհրդական, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական խոսքը, որում մասնավորապես ասված է.
«…Այսօր տոնում ենք հայոց բանակի 1-ին բանակային կորպուսի կազմավորման 19-րդ տարեդարձը, որն իրականում ոչ միայն բանակում ծառայողների, այլև ամբողջ ժողովրդի, մասնավորապես սյունյաց աշխարհի տոնն է: Բանակային կորպուսի փառավոր ուղին, տարած հաղթանակները, նրա անձնակազմի անմնացորդ նվիրվածությունն ու հերոսությունները քաջածանոթ են յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր սյունեցու: Փառք ու պատիվ առաջին բանակային կորպուսին, որ ամբողջությամբ կատարել է իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները:
Բանակային կորպուսի անցած մարտական ու ծառայողական ուղին արժևորվում է նաև նրանով, որ զորամիավորման ստեղծման ակունքում կանգնած են եղել փարձառու ու նվիրյալ սպաներ, ովքեր, կերտելով արցախյան հաղթանակները, հսկայական և անուրանալի ներդրում ունեցան հայոց բանակի կայացման ու մարտունակության բարձրացման գործում»:
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը համոզմունք հայտնեց, որ կորպուսի 19-ամյա տարեդարձը ողջ հայ ժողովրդի տոնն է. պանծալի ուղի անցած կորպուսը դարձել է յուրաքանչյուրիս հպարտությունը:
Գորիսի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը Տերունական աղոթք առաքեց առ Աստված՝ ակնկալելով հոգու զորություն, հաղթանակ ու փրկություն:
Կորպուսի կազմավորման 19-ամյակի առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ ԶՈՒ 5, 10, 15, 20 տարվա ծառայության ընթացքում զինվորական բարձր կարգապահություն ցուցաբերելու և անբասիր ծառայության համար 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների մեդալներով, շնորհակալագրերով, պատվոգրերով և 1-ին բանակային կորպուսի արժեքավոր նվերով՝ անվանական ժամացույցով, խրախուսական արձակուրդով պարգևատրվեցին մի շարք զինվորականներ:
ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանի հրամանով հուշամեդալներով, պատվոգրով նույնպես պարգևատրվեցին կորպուսի զինծառայողները:
Զինվորական միտինգի ավարտից հետո սկսվեց 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումների հանդիսավոր երթը, որի ընթացքում ի ցույց դրվեց գնդերի և գումարտակների շարային բարձր պատրաստվածությունը: Իրենց հմտությունները ցուցադրեցին 2-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հետախուզական վաշտի զինծառայողները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50