Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

28.08.2015

Աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:
Այստեղ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող <<Սիսիանի ԲՈՒԱՏ>> ընկերության պատասխանատուները նախարարին ներկայացրին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <<Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում>> ծրագրով այս տարվա հունիսից մեկնարկած միջպետական ճանապարհից դեպի Շաքի-Սիսիան-Տոլորս-Բնունիս-Տորունիք-Դաստակերտ հատվածի վերականգնման աշխատանքների ընթացքը:
17 հազար բնակչությամբ 7 բնակավայրեր Սյունիքի մարզում մինչև 2016 թվականի ավարտը կունենան ասֆալտապատ ճանապարհներ: 29 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է երկու հատվածով: Առաջինը՝ Գորիս գնացող միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Շաքի համայնք և Սիսիան քաղաքի վերջնամասը ձգվող հատվածն է: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ օգոստոսի 20-ի դրությամբ 9.94 կմ ընդհանուր երկարությամբ հատվածից 7.2կմ-ն արդեն ասֆալտապատվել է, ինչը թույլ է տալիս ասելու, որ ճանապարհը շահագործման կհանձնեն նախանշված ժամկետից շուտ: Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրի արժեքը 1մլդ 271 մլն դրամ է:
Նախարարը նշել է, որ մարզում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներն աննախադեպ են ինչպես իրենց աշխարհագրությամբ, այնպես էլ կառուցման ծավալով, որակով ու կիրառվող տեխնոլոգիաներով:
Նախարարի խոսքով՝ համայնքների միջև կառուցվում են ավազակոպճային ճանապարհներ, քանի որ այնտեղով շատ տեխնիկա է անցնում, ինչը վնասում է ասֆալտը, իսկ համայնքների ներսում ճանապարհներն ասֆալտապատվում են:
Սիսիանի կենտրոնական փողոցներից մեկում նախարարը ծանոթացավ իրականացված աշխատանքների որակին: Այստեղ արդեն ավարտվել են ինչպես ասֆալտի տեղադրման, այնպես էլ ճանապարհամերձ եզրաքարերը նոր բազալտե քարերով փոխարինելու, մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Նախարարը բարձր գնահատեց հատկապես իրականացված ասֆալտի որակը:
450 բնակիչ ունեցող Տոլորս գյուղական համայնքում վերջին անգամ ճանապարհը հիմնանորոգվել է խորհրդային տարիներին:
Ամիսներ առաջ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջոցով բնակիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էին դիմել խնդրանքով՝ գյուղի փողոցները ասֆալտապատելու համար: Հաշվի առնելով հանրապետության Նախագահի հանձնարարականը և գյուղի բնակչության խնդրանքը, նախարարը նշեց, որ գյուղի փողոցները անպայման կասֆալտապատվեն:
Նախարարը և մարզպետը գյուղացիների ուղեկցությամբ շրջեցին հիմնանորոգվող ճանապարհահատվածով, ծանոթացան կատարված աշխատանքներին:
Տոլորս համայնքով անցնող ճանապարհը շարունակվում է դեպի Բնունիս-Տորունիք-Դաստակերտ համայնքներ, որտեղ ևս այս տարվա հունիսից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ: Այս ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 19 կմ է: Հիմնանորոգման նախագծով նախատեսվում է 14.32կմ երկարությամբ հատվածում իրականացնել ավազակոպճային ծածկ, իսկ 4.77 կմ ընդհանուր երկարությամբ հատվածներում՝ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այստեղ աշխատանքները համատեղ իրականացնում են <<Զանգեզուրտրանսշին>> և <<Կամուրջշին>> ընկերությունները: Հիմնանորոգման ընդհանուր արժեքը 1մլդ 208մլն դրամ է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:19:38