Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶՈՒՄ <<ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ>> ԾՐԱԳՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

08.09.2015

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին Սյունիքի մարզում <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հ. Հովհաննիսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Ա. Խաչատրյանը, ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի ներկայացուցիչները, <<Կայուն դպրոցական սննդի>> <<Տաք սնունդ>> ծրագիրն իրականացնող դպրոցների տնօրեններ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծրագրի դպրոցական սննդի կազմակերպման և իրականացման նորմատիվային-իրավական ձևակերպումների, ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման հետ կապված հարաբերությունների կարգավորման, սննդի կազմակերպման և սննդամթերքի անվտանգության ընդհանուր կանոնների հետ կապված հարցեր:
Ներկայացվեց տեղեկատվություն դպրոցների տեխնիկական պատրաստվածության՝ գույքի, սպասքի առկայության և քանակի, տեխնիկական սարքավորումների, սննդի և խոհանոցային կառուցահատվածների սանիտարահիգիենիկ վիճակի և նորմերի համապատասխանության վերաբերյալ:
Դպրոցների տնօրենները հանդես եկան առաջարկություներով, որոնք վերաբերում էին արտաբյուջե ստեղծելու նպատակով դպրոցին կից տնտեսության զարգացմանը (պտղատու ծառեր, ջերմոց, մեղվաբուծություն), ճաշացուցակներին և այլն:
Կրթական հաստատությունների տնօրենները բարձրացրեցին դպրոցներում ծրագրի շարունակականության ապահովման, սննդամթերքի գնման, տեղափոխման, սննդի կազմակերպման հետ կապված խնդիրները: Անդրադարձ եղավ ծրագրի ռազմավարության հիմնական խնդիրներին,տարածաշրջանի առանձնահատկություններին, անհրաժեշտ կարողություններին և համապատասխան մեխանիզմների փորձարկմանը:
Այս ուսումնական տարում Սյունիքի մարզի 43 հանրակրթական դպրոցներում կիրականացվի <<Կայուն դպրոցական սննդի>> <<Տաք սնունդ>> ծրագիրը:
Դպրոցական սննդի ինստիտուցիոնալ համակարգի զարգացման նպատակով հիմնական փորձնական ծրագրին զուգահեռ միջազգային գործընկերների օժանդակությամբ կիրականացվեն տարբեր միկրոծրագրեր, որոնք հետագայում կներառվեն դպրոցական սննդի ընդհանուր համակարգում: Եռամյա ծրագրի արդյունքների հիման վրա 2016 թվականից հետո այն աստիճանաբար կտարածվի նաև մյուս մարզերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30